Պաշտպանության ծախսերը 2018 թվականի համեմատ աճել են 1.1 միլիարդ դոլարով․ ՀՀ պաշտպանության նախարար

Պաշտպանության ծախսերը 2018 թվականին կազմել են 245 միլիարդ դրամ, իսկ 2025 թվականին՝ 664 միլիարդ դրամ (1.741 միլիարդ ԱՄՆ դոլար): Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա նշեց, որ պաշտպանության ծախսերը աճել են 1.1 միլիարդ դոլարով։
Ըստ Պապիկյանի՝ 2025 թվականը պետք է համեմատել «նախահեղափոխական 2018 թվականի հետ»՝ այն քննադատությունների ֆոնին, թե պաշտպանության ոլորտին քիչ միջոցներ են հատկացվում։
«Այս թվերը խոսուն են, և ես ուզում եմ, որ սրա վրա ակցենտ դնելով՝ 2025 թվականը համարենք գերարդյունավետ տարի պաշտպանական ոլորտում իրականացվող թե՛ ծախսերի, թե՛ ընդհանուր ոլորտում», – նշեց Պապիկյանը:
Պաշտպանության նախարարը միաժամանակ կարևորեց սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման շուկաների դիվերսիֆիկացիան՝ միաժամանակ շեշտելով տեղական արտադրության զարգացման անհրաժեշտությունը։
«Շատ կարևոր եմ համարում սպառազինության, ռազմական տեխնիկայի ձեռքբերման, շուկաների դիվերսիֆիկացիան։ Բայց նաև կարևորում եմ տեղական արտադրության զարգացումը»,- ասաց Պապիկյանը։
Նրա խոսքով՝ 2022 թվականին տեղական ռազմարդյունաբերության հետ կնքված պայմանագրերի ընդհանուր ծավալը կազմել է 5.5 մլրդ դրամ, մինչդեռ ներկայում գործող պայմանագրերով այն հասել է 170 մլրդ դրամի, որի մեծ մասն արդեն մատակարարված է։
Պապիկյանը հայտարարեց՝ կառավարության 2026-2028 թվականների եռամյա ծրագրով նախատեսվում է տեղական ռազմարդյունաբերության ոլորտին հատկացնել 150 մլրդ դրամ։
«Սա էական ներդրում եմ համարում»,- շեշտեց Սուրեն Պապիկյանը։
