Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

ՈՄԱ. Խաղաղությունը կերտում են ուժեղները, ովքեր կարողանում են զենք բռնել

ՈՄԱ (Ողջ Մնալու Արվեստ) ռազմահայրենասիրական կազմակերպությունը հետախույզ, ազատամարտիկ Վովա Վարդանովը ստեղծել է 2014 թվականին։

Ռեժիսոր Վահե Գևորգյանցը, տարիներ շարունակ հետաքրքրված լինելով այս կառույցի գործունեությամբ ու առաքելությամբ,  նկարահանել է վավերագրական լիամետրաժ ֆիլմ, որը ներկայացնում է, թե ինչպիսի վարժանքներ է իրականացնում ՈՄԱ-ն՝ ինքնապաշտպանվելու, արտակարգ իրավիճակներում շուտ կողմնորոշվելու, ընկերոջն օգնելու, պատերազմների ժամանակ ողջ մնալու համար։

«Խաղաղության արվեստը» վավերագրական ֆիլմը նկարահանվել է Հայաստանի լեռներում ու դաշտերում, անտառներում ու գյուղերում՝ այնտեղ, որտեղ անցնում են ՈՄԱ-ի պարապմունքներն ու մարզումները։

Ֆիլմում տարբեր մասնագիտությունների տեր բանախոսները ներկայացում են ՈՄԱ-ի կարևոր գործունեությունը և պատմում, թե ինչպես են իրենք էլ այցելել ՈՄԱ-ի պարապմունքներին, ինչ է տվել իրենց ՈՄԱ-ն։

Ֆիլմի սցենարի հեղինակն Աննա Դերձակյանն է, օպերատորները՝ Սամվել Բաբասյանը, Կարեն Ազատյանը, Հայկ Բադալյանը, մոնտաժողը՝ Արթուր Փարսյանը։

«Խաղաղության արվեստը» ֆիլմի համար Գոռ Ղուկասյանը երաժշտություն է գրել։

Ֆիլմը կտեղադրվի You tube-ում։

Ազգ-բանակ, երկիր-ամրոց. ՈՄԱ-ն յուրաքանչյուր մարդու սովորեցնում է ոչ միայն ինքնապաշտպանվել, այլև պաշտպանել ուրիշներին, տիրապետել պատերազմելու, կռվելու և ողջ մնալու հմտություններին։

Աղավնին է խաղաղության խորհրդանիշը, բայց խաղաղություն բերում են արծիվները։

Մանրամասները՝ տեսանյութում