«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում մեր այցերը Բաքու շարունակական կլինեն, ինչպես որ շարունակական կլինեն ադրբեջանցի փորձագետների, քաղհասարակության ներկայացուցիչների այցերը Հայաստան: Այս մասին այսօրլրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խմբի անդամ Արեգ Քոչինյանը, ով ևս 4 հոգու հետ նոյեմբերի 21-22-ին գտնվել է Բաքվում։
Նա հիշեցրեց, որ այցի կազմակերպման, անվտանգության ապահովման գործում ներգրաված են եղել Հայաստանի և Ադրբեջանի պատկան մարմինները։
«Մենք մեր ադրբեջանցի գործընկերներից հարցրել ենք, թե ինչպես էին իրենք իրենց զգում Երևանում։ Պատախանել են՝ բավականին անվտանգ։ Նույնը կարող եմ ասել մեր մասով անվտանգության վերաբերյալ»,- ասաց նա։
Քաղհասարակության ներկայացուցիչները Բաքվում հանդիպել են նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։
«Հիքմեթ Հաջիևը խնդրել է հայ հասարակությանը փոխանցել, որ պատերազմն ավարտվել է, Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա։ Հայ-ադրբեջանական կոնֆլիկտն իրենց համար ավարտված է։ Իրենք ուզում են, որ այս չպատերազմի վիճակից կառուցեն խաղաղություն և գնան դեպի խաղաղություն։ Իրենց համար չափազանց կարևոր է այս մեսիջը մեր միջոցով, ինչպես իրենք նշեցին, փոխանցել Հայաստանի հասարակությանը, որ իրենք ցանկանում են Հայաստանի հետ համապարփակ և երկարաժամկետ խաղաղություն կառուցել ու պատրաստ են այդ ճանապարհով գնալ առաջ։ Նաև չափազանց կարևոր է, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի»,- նշեց բանախոսը:
Արեգ Քոչինյանի խոսքով՝ թե՛ Հայաստանում, թե որոշ չափով նաև Ադրբեջանում առկա է բարկություն, չվստահություն, նեղսրտածություն, ինչը բավականին բնական է 35 տարվա թշնամանքից և ատելությունից հետո։
«Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը միակ կոնֆլիկտը չէ, որտեղ այս ֆենոմենները տեղի են ունեցել, բայց ինքն իր ատելության մակարդակով և թշնամանքի գեներացման մակարդակով ինչ-որ չափով նաև, այո՛, ունիկալ կոնֆլիկտ է, և մեզ շատ մեծ աշխատանք է սպասում այդ հարցերը լուծելու և այդ զգացողությունները հաղթահարելու ուղղությամբ։
Ըստ բանախոսի՝ երբ ադրբեջանցի փորձագետներն ու քաղհասարակության ներկայացուցիչներն են եղել Հայաստանում, ակնաատես եղանք, որ իրենց նախկին հայտարարություններն ու ելույթներն էին վերհանում։
«Ասում էինք՝ էս մարդի՞կ են խաղաղության կառուցողը։ Ես ձեզ ուզում եմ ասել, որ նույն բանը եղավ նաև մեր հանդեպ Ադրբեջանում։ Այսինքն՝ երբ որ մեր նախկին հայտարարությունները, պատերազմի օրերին արած հայտարարությունները, գործողություններն էին տարբեր ադրբեջանական լրատվականներով շրջանառում, ասում էին՝ էս մարդի՞կ են եկել մեր հետ խաղաղություն կառուցելու։
Մենք հիմա ունենք հնարավորություն. դա կարմիր գիծ քաշելն է և այդ կարմիր գծից այն կողմ աշխատելն է։ Այսինքն՝ եթե մենք հիմա հավերժ գնանք հետ, գնանք անցյալ, ով երբ ինչ է ասել, ինչ է արել, ով երբ ոնց է վարվել, դա մեր գնահատմամբ ուղղակի ճանապարհ է դեպի ոչ մի տեղ։ Այս առումով ես պետք է արձանագրեմ, որ նաև կա որոշակի փոխըմբռնում մեր ադրբեջանցի գործընկերների հետ այս թեմայի վերաբերյալ»,- ասաց Քոչինյանը։
Նա միաժամանակ շեշտեց՝ այն բարկությունը և անվստահությունը, ինչ-որ չափով նաև վախը, որ քաղաքական դաշտում տարբեր գործիչներ փորձում են կապիտալիզացնել, ամեն կերպ օգտագործել իրենց քաղաքական նպատակների իրականացման գործում, «բավականին զազրելի երևույթ է»։
«Իմ կարծիքով Հայաստանի քաղաքական դաշտում այս պահի դրությամբ ով որ դեմ է խոսում հայ-ադրբեջանական կարգավորմանը և հայ-թուրքական կարգավորմանը, կամ ուղղակի օտարերկրյա գործակալ է, սրիկա է, կամ ուրեմն ապաքաղաքական ապուշ է, որը չի հասկանում, թե ինքը ինչ է խոսում»,-ամփոփեց Արեգ Քոչինյանը։



