Մենք Հաջիևի առջև բարձրացրել ենք հայ գերիների հարցը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Բաքու մեկնած և օրերս Երևան վերադարձած հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչ Նաիրա Սուլթանյանը։
«Մենք անգամ ադրբեջանցիների այցի ժամանակ հարցը բարձրացրել էինք։ Եվ ավելին ասեմ, որ ոչ մի սահմանափակում՝ ո՛չ հայկական կողմից, ո՛չ ադրբեջանական կողմից, չի կիրառվել մեզ վրա, որպեսզի մենք այս հարցը չբարձրացնենք։
Բոլորդ ծանոթ եք երևի, որ միջազգային ատյաններում, կառույցներում մենք բարձրացրել ենք և պարբերաբար շարունակում ենք բարձրացնել այս հարցը, և Կարմիր խաչի վերջերս բացակայության հանգամանքով պայմանավորված՝ նամակների ևս մի ալիք գնացել է։ Այդուհանդերձ ադրբեջանական կողմի հետ ուղիղ այս թեմայով խոսելը մեզ համար նոր վիճակ էր՝ հատկապես պարոն Հաջիևի առջև նստած։ Մենք փորձեցինք մեր խոսքը ձևակերպել դիվանագիտորեն և հիմնավորել նրբանկատորեն, որպեսզի արդյունքում կողմերի միջև առաջանա վստահության և փոխադարձ ընկալման զգացողություն, ինչի հետևանքով էլ հույս ունենք, որ այս խնդիրները ավելի արագ կլուծվեն։
Ցավով պիտի ասեմ, որ հստակ և կոնկրետ պատասխան չենք ստացել թվի, մարդկանց անունների և այլնի մասին, բայց այստեղ Հայաստանի իշխանություններն են մեզ հավաստիացրել, որ շարունակաբար ջանքեր են կիրառում։ Պարոն Հաջիևն էլ իր հերթին մեզ հավաստիացրեց, վստահեցրեց, որ շատ ակտիվ բանակցային գործընթաց ընթանում է»,–ասաց բանախոսը։
Նաիրա Սուլթանյանը միաժամանակ ընդգծեց՝ իրենք իրենց խմբի ազդեցության մասին ուռճացված պատկերացումներ չունեն․
«Մենք մեր չափն, այսպես ասած, շատ լավ պատկերացնում ենք, բայց, այդուհանդերձ, բոլորս էլ համաձայն ենք, որ այս փոքրիկ այցի, հանդիպման, դեմ առ դեմ խոսակցությունների զրույցների արդյունքում մենք երևի ավելի ենք նպաստում դրական լուծումներին, քան հակառակը»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին հայաստանյան քաղհասարակության մի շարք ներկայացուցիչներ այցելել էին Բաքու:
Մեկնողների թվում են եղել Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանը, իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը։
Ավելի վաղ Երևան էին այցելել Ադրբեջանի քաղհասարակության մի շարք ներկայացուցիչներ։
Հաջիևի առջև բարձրացրել են հայ գերիների հարցը



