Վարչապետը սեպտեմբեր ամիսը պայմանական է ասել՝ նկատի ունենալով ընտրություններից կարճ ժամանակ անց, իսկ որ նման հեռանկար կարող է լինել, դա միանշանակ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միզոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստանա, և իշխանության գան խաղաղությունը ռևիզիայի ենթարկող ուժերը, սեպտեմբերին պատերազմ կլինի։
«Րոպեներ առաջ ԱԺ հանձնաժողովում նստած խոսում էինք այդ թվում այն ընդդիմադիր պատգամավորների հետ, որոնց գաղափարախոսությունն այն է, նաև խորհրդարանում չգտնվող առանձին ընդդիմադիր շրջանակների, որոնց գաղափարախոսությունն այն է, որ գրեթե բոլոր հարևան երկրների հետ տարածքային խնդիրներ կան, տարածքային պահանջներ ու հավակնություններ ունենք։ Բառացի մեջբերում եմ այդ մտքի կրող մի քաղաքացու խոսքը. «Էս Հայաստանը մեզ պետք չի»… և քարտեզը գետնին գցելը։
Ակնհայտ է, որ եթե այս մտայնությամբ մարդիկ իշխանության գան, անմիջապես խնդիր է առաջանալու հարևանների հետ։ Հաշվի առնելով, թե այս օրերին երկրներն ինչ մեթոդաբանությամբ են փորձում հիմնախնդիրները լուծել, շատ մեծ հավանականությամբ Հայաստանը կկանգնի նոր պատերազմի առաջ»,–համոզմունք հայտնեց Միրզոյանը։
Դիտարկմանը, որ «Կա՛մ մենք, կա՛մ պատերազմը» միտքը նման է շանտաժի, ԱԳ նախարարը զարմացավ՝ շանտաժն այստեղ ո՞րն է։
«Մենք առաջարկում ենք խաղաղություն։ Այլ պայմաններում, հավատացեք, մեր խորը համոզմամբ, Հայաստանի Հանրապետության ոչ թե հաջողությունը, ոչ թե զարգացումը, այլ Հայաստանի, որպես անկախ պետություն, գոյությունը ինքնին կհայտնվի մեծ կասկածի տակ։
«Եվ կա զուգահեռ առաջարկը, որ չէ՝ այս Հայաստանը մեզ ընդհանրապես պետք չի, մենք թքած ունենք սրա վրա, մեզ պետք է չգիտեմ ինչ Հայաստան։ Սա շանտաժ չի, սովորական բան է»,- ասաց նա։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք չի ստացվում, որ իրենք կանխակալ կերպով մյուս ուժերին կոչում են պատերազմի ուժեր։
Արարատ Միրզոյանն ի պատասխան նկատեց.
«Իրենք են ասում։ Սա քաղաքական անճարակության դրսևորում է այն ուժերի կողմից, որոնք մեզ մեղադրում են նրանում, որ մենք ասում ենք, որ մենք խաղաղության կուսակցությունն ենք, իսկ մյուսների ասածն այնքան անհեռանկար է և վտանգավոր, որ հանգեցնելու է պատերազմի։ Սա այնքան ճիշտ է և անխոցելի, որ գալիս են, մեզ ասում են՝ լավ էլի, էդ մի ասեք, որովհետև ընտրական մրցապայքարում մենք կարող է այդքան հաջողակ չլինենք»։
Ճշտող հարցին՝ ինչո՞ւ եք որոշել, որ ընդդիմադիր ուժերը պատերազմի ուժեր են, Միրզոյանն պատասխանեց.
«Դա մեր քաղաքական իրավունքն է։ Ես այդտեղ շանտաժի տարր տեսնո՞ւմ եմ. ոչ չեմ տեսնում։ Ինչո՞ւ ենք անում. լավ ենք անում։ Դա մեր քաղաքական առաջարկն է, և մենք օրենք չենք խախտում»։




