Ադրբեջան անունով 3-րդ կեղծ պետությունը հորինվեց Սովետական Միության փլուզումից հետո, որն այսօրվա Ադրբեջանն է, որին ևս Արցախը չի պատկանում։
Հիշեցնենք, որ Ղարաբաղյան հիմնահարցի պատմաքաղաքական և միջազգային իրավունքների հիմքերի վերլուծությամբ զբաղվող պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանն Azg.am-ին տված հարցազրույցի առաջին հատվածում ևս փաստերով ապացուցում է, որ արհեստածին Ադրբեջան կոչվող առաջին և երկրոդ կազմավորումներում ևս Արցախը ներգրավված չի եղել։
Մանասյանը պատմում է. «1991 թվականի օգոստոսի 30-ին հռչակագրով և հոկտեմբերի 18-ին պետական անկախության սահմանադրական ակտով մերօրյա ադրբեջանական հանրապետությունը հրաժարվել է լինել Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը և վերականգնել է 1918-20 թթ. Ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը, որի կազմում Լեռնային Ղարաբաղը չի եղել։
1991 թվականի օգոստոսի 30-ին, երբ ադրբեջանցիներն ընդունել են պետական վերականգնման հռչակագիր, Լեռնային Ղարաբաղի բոլոր ղեկավարները, պատգամավորները՝ տեղականից մինչև մարզային, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակել են ադրբեջանական հանրապետությանը չպատկանող տարածքներում։ Առաջին կետով ասվում է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը վերականգնել է 1918-20 թթ ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը՝ հռչակում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»։
Ինչպես արդեն ներկայացրել ենք Ալեքսանդր Մանասյանի հետ զրույցի առաջին մասում ադրբեջանական առաջին հանրապետությունը եղել է ապօրինի, այն թուրքերն են հիմնել, երկրորդ Ադրբեջանը հիմնել է ռուսական բանակը՝ դարձյալ ապօրինի, այս երկրորդի ապօրինի լինելն ընդունել է նաև ադրբեջանական երրորդ հանրապետությունը՝ կազմավորված 1991 թվականին։
Ալեքսանդր Մանասյանը ներկայացնում է պատմական փաստեր.
«Սահմանդրական ակտում ասվում է՝ ռուսները մտել են, օկուպացրել, դա ապօրինի է։ Այսինքն՝ Խորհրդային ադրբեջանն ապօրինի է որակվել նաև այսօրվա Ադրբեջանի կողմից։ Դա նշանակում է, որ ապօրինի է նաև Լեռնային Ղարաբաղի բռնակցումը։
Արցախցիները հույս են ունեցել, որ եթե Սովետական Միությունը վերանում է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգայնորեն կճանաչվի։ Բայց Եվրոպայի և Արևմուտքի մտադրություններն այլ են եղել։ Նրանք որոշել են հետխորհրդային տարածքում նորանկախ պետությունները ճանաչել նախկին միութենական հանրապետությունների սահմաններով։ Արևումտքը հարցրել է՝ համաձա՞յն եք այս պայմաններին ու չափանիշներին, ըստ որոնց՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն է հարգվում, ատոմային զենքը արգելվում է, սպառազինությունները կրճատվում են և այլն։ Նախկին խորհրդային հանրապետությունները հավաքվում են Ալմա Աթայում, հիմնում ԱՊՀ-ն, Եվրոպան այդ քայլը ողջունել է և ամեն պետության հետ սկսում հարաբերվել՝ ընդունո՞ւմ եք իմ առաջարկած չափանիշները։
Բայց Եվրոպան իր համար չի պարզել՝ այդ ո՞ր Ադրբեջանն է եկել Ալմա Աթա։ Եթե դա ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունն է՝ թուրքերի կողմից ստեղծված, ուրեմն նախկին Սովետական Ադրբեջանի հանրապետությունը չէ, եթե ադրբեջանական սովետական սոցիալիստական հանրապետությունն է՝ ռուսական բանակի ստեղծած, այդպիսի հանրապետություն ևս չկա, որովհետև այդ հանրապետությունը նույնիսկ Բաքուն է անվավեր ճանաչել։ Ահա այսպես եռադեմ Ադրբեջանը ամեն տեղ ներկայանում է՝ տարբեր դեմքերով՝ նայած, թե իրեն ինչպիսի Ադրբեջան լինելն է ձեռնտու։ Եվ եռադեմ Ադրբեջանի խարդավանքները մինչև հիմա չեն բացահայտվում»։
Մանրամասները՝ տեսանյութում.