Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Արցախցի երեխաների ոտնահարված իրավունքները. խորհրդանիշը՝ թաթիկ

Azg.am-ը ներկայացնում է Արցախի մեր գործընկերների պատրաստած տեսանյութը։

Արցախում ապրող 30 հազար երեխաներն արդեն երկու ամիս զրկված են ազատ տեղաշարժվելու, կրթություն և բուժում ստանալու իրավունքից, նորմալ սնվելու հնարավորությունից: Խանութներում միրգ ու բանջարեղեն չկա, դեղատներում՝ դեղ, մանկական կեր ու տակդիր: Դժվարություններն ավելացրել են գազամատակարարման խափանումն  ու հովհարային անջատումները: Արցախցի մայրիկները հավաքվել են՝ աշխարհին մեկ անգամ էլ հիշեցնելու, որ Արցախի շրջափակումը շարունակվում է:

«Ցույց տալ,  թե արցախցի փոքրիկները ինչ պայմաններում են, և ինչ խնդիրների մեջ են: Դրա համար փորձեցինք ներգրավել մասնագետների, ովքեր շփվում են երեխաների հետ և ներկայացնում՝  ինչ են զգում: Փորձենք աշխարհին ցույց տալ, որ չենք համակերպվում այս իրավիճակի հետ: Արցախը միշտ կանգուն կլինի, ու արցախցի փոքրիկների իրավունքները երբեք չպետք է ոտնահարվեն»,- ասում է ակցիայի կազմակերպիչ Անի Հայրապետյանը:

Նախաձեռնության հեղինակները «Մունք ուրուր օնինք» ֆեյսբուքյան խմբի մասնակիցներն են: Ավագները խոսում են փոքրիկների խախտված իրավունքների մասին:

«Խնդիր ունենք բարձրաձայնելու, որ Արցախի երեխաները ունեն հոգեկան առողջության պահպանման խնդիր, ապրում են սթրեսներ, ապրում են սոցիալական տագնապներ: Արցախի մանոուկները զրկված են մանկապարտեզ հաճախելուց: Նրանք ևս արժանի են, որպեսզի ապրեն հոգեկան խաղաղությամբ լի աշխարհում», – ասում է ակցիայի մասնակից Արմինե Սևումյանը։

Ակցիայի հիմնական խորհրդանիշը թաթիկն է, որի ամեն մի մատն ունի իր խորհուրդը՝ 30 հազար կյանք, երեխաների իրավունք, մարդասիրություն, ոչ պատերազմին.  խաղաղություն: Ակցիային առցանաց եղանակով միացել են Երևանից, Գյումրիից,Վանաձորից,Մոսկվայից, Օրենբուրգից, Արևմտյան Ավստրալիայից, Իտալիայից: 6-ամյա Անին էլ մայրիկի հետ է մասնակցում ակցիային, նկարում իր թաթիկը, հղում իր ուղերձը՝ չափածո:

«Ես ծնվել եմ Արցախում և ապրում եմ Արցախում: Հիմա 21-րդ դար է, սակայն Արցախում բլոկադա է: Մեր երեխաները զրկված են ամենայհասարակ իրավունքից՝ կրթության իրավունքից: Մենք ուզում ենք մեր երեխաները մեծանան խաղաղ ու անվտանգ Արցախում», – ասում է ակցիայի մասնակից  Գոհար Բալասանյանը։

Ակցիայի վերջում մասնակիցները Վերածննդի հրապարակում շուրջպար են բռնել և ի նշան խաղաղության՝ աղավնիներ բաց թողել: