«Հայաստանում պետք է մտածողություն փոխվի։ Աղջիկ, թե տղա՝ դեռ փոքր տարիքից արդեն պետք է հայրենիքի նկատմամբ սեր ունենա։
Հիշում եմ, երբ փոքր էի, Պոլսում Մխիթարյան դպրոցի աշակերտ էի։ Ամեն շաբաթ օր, մինչ տուն գնալը, դպրոցի պարտեզում աշակերտները հավաքվում էին, նրանց միջից մի տղա ու մի աղջիկ էր ընտրվում։ Եվ ով ընտրվում էր, չափազանց ուրախանում էր, որ հենց ինքն է ընտրվել։ Թուրքական քայլերգ էր հնչում։ Տղան Թուրքիայի դրոշն էր բարձրացնում ձողի վրա, աղջիկը երեք նախադասություն էր ասում, մյուս աշակերտները նրա հետևից կրկնում էին՝ ես թուրք եմ։ Ես ճշտախոս մարդ եմ։ Ես աշխատասեր եմ։
Մեզ համար սա կարծես խաղ լիներ, ուրախանում էինք, ծափահարում ու գնում տուն։ Հայ լինելով՝ մենք թուրքերի կողմից ընդունված այս ավանդույթը կրկնում էինք, ու հայրենասիրությունը մեր մեջ էլ էր մտնում»,- պատմում է Վարուժան Սրապյանը։
Azg.am-ի ընթերցողներին հիշեցնենք, որ «Ապագա հայկական» համաժողովին մասնակցելու համար Հայաստան էր եկել Փարիզի «Չոպանյան» ինստիտուտի հիմնադիր-նախագահ, «Եվրոպա եւ Արեւլք» պարբերականի հիմնադիր խմբագիր Վարուժան Սրապյանը։
Մենք արդեն ներկայացրել ենք նրա հետ հարցազրույցի 1-ին և 2-րդ մասերը։
Իսկ 3-րդ հատվածում Վարուժան Սրապյանը դիտարկում է հայի խառնվածքը, բնավորությունը, մտածողությունը և ոչ միայն։
Օրինակ՝ նա նկատել է, որ հայերը օտար երկրներում, օտար ղեկավարների ձեռքի տակ բավականին օրինակելի են, դառնում են լավ զինվորական, լավ գիտնական, բայց Հայաստանում նույն հայերը հայ ղեկավարին հնազանդվել չեն ուզում, չեն մտածում, որ բարեխիղճ գործելով՝ իրենց երկիրն են զարգացնում, նրանք ավելի շատ մտածում են իրենց գրպանի մասին։
«Հայերի տեսլականը, իդեալը չկա։ 100 միլիոն էլ լինենք, եթե չունենք տեսլական, առաջ գնալու գաղափարական նպատակ, ոչնչի չենք հասնի։
Երբ 2018-ին Հայաստանի իշխանությունները փոխվեցին, Սփյուռքում լավատեսության, հույսի ալիք բարձրացավ։ Կարծում էինք՝ արատավոր երևույթները, կոռուպցիան կվերանան։ Բայց շուտով տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը, բացի իր շրջապատից, այլ մարդկանց լսել չի ուզում։ Եթե մինչ Փաշինյանի իշխանության գալը, Հայաստանում գոնե կար Սփյուռքի նախարարություն, այլ կառույցներ, որոնց սփյուռքահայերը կարող էին տարբեր հարցերով դիմել, տեսանք, որ անգամ այդ դռներն են փակվել»,-արձանագրում է Վարուժան Սրապյանը։
Նա վերլուծել է նաև Հայաստանի արտաքին քաղաքական իրողությունները։
Մանրամասները՝ տեսանյութում