Azg.am-ը ներկայացնում է Արցախի մեր գործընկերների պատրաստած տեսանյութը։
Ադրբեջանական կողմը 2022թ. մարտի 8-ին Շուշիի շրջանի «Զառսլիի» հատվածում պայթեցրել է Հայաստանից դեպի Արցախ միակ մայրուղային գազատարը և որոշ ժամանակ անց այն վերանորոգել` «Արցախգազ» ընկերության աշխատակիցներին չթույլատրելով մասնակցել վերանորոգման աշխատանքներին. այդ միջադեպից հետո գրեթե մեկ տարի է արդեն՝ երկնագույն կրակից օգտվելու արցախցիների հնարավորությունը սահմանափակվել է:
«Տեղադրված է փական՝ 2022-ի մարտից. գազամատակարարման խափանումն ու վերականգնումն իրենց հայեցողության տակ է», – ասում է «Արցախգազ» ՓԲԸ Ստեփանակերտի արտադրաշահագործման տեղամասի պետ Սամվել Սահակյանը։
2022-ի մարտին մայրուղային գազատարը պայթեցնելուց, այնուհետև գազամատակարարումը վերականգնելուց հետո պարզ է դարձել, որ ադրբեջանցիները դրա վրա ոչ միայն փական են տեղադրել, այլև խողովակից կողմնակի միացում են կատարել: Նախորդ տարվա դեկտեմբերից սկսած՝ թշնամու կողմից Արցախի գազամատակարարումը խափանվել է 8 անգամ. ի դեպ, մի քանի անգամ էլ գազամատակարարումն արգելափակել են ոչ թե ամբողջությամբ, այլ` 50 տոկոսով, հետո գազամատակարարման ծավալը դարձել է 70 տոկոս, 10 տոկոս և այսպես շարունակ։ Իսկ դա նշանակում է՝ ադրբեջանցիները Հայաստանից դեպի Արցախ մայրուղային գազատարից գողություն են կատարում: Սա ոչ միայն գազագողություն է զուտ, այլ նաև յուրօրինակ ահաբեկչություն:
«Մեր կարծիքով՝ դա կատարվում է մեր ազգաբնակչությանը վախեցնելու, վախի մթնոլորտ ստեղծելու, ինչպես նաև վթարային վիճակներ ստեղծելու», – ասում է «Արցախգազ» ՓԲԸ Ստեփանակերտի արտադրաշահագործման տեղամասի պետ Սամվել Սահակյանը։
«Արցախգազ» ընկերության Ստեփանակերտի արտադրաշահագործման տեղամասի պետն անդրադարձել է նաև հանրության շրջանում առաջացած մտահոգություններին՝ կապված սպառած գազի դիմաց վճարումների հետ: Ասում են՝ ամսվա համար հաշվարկված պարտավորությունները սովորականից շատ են: Բողոքում են հիմնականում նրանք, ովքեր գազով ջեռուցման կաթսաներ են օգտագործում:
Գազի եւ էլեկտրականության մատակարարման հաճախակի խափանումները նաեւ վթարային իրավիճակների հավանականությունն են ավելացնում: Դժբախտ պատահարներից խուսափելու համար ոլորտի պատասխանատուները հորդորում են պահպանել անվտանգության կանոնները: