«Հնարավոր չէ այնպիսի սցենար, որ նկարիչները զրկվեն իրենց տնից։ Հնարավոր է այնպիսի սցենար, որ ոչ միայն Նկարիչների միությունը, այլև բոլոր նմանատիպ կազմակերպությունները զրկվեն կամայական ձևով այդ շենքերը վաճառքի հանելու հնարավորությունից»,- 2024 թվականի ապրիլի 10-ին, Ազգային ժողովում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մինչ այդ ու հիմա էլ ստեղծագործական միությունները հավաստիացրել ու հավաստիացնում են, որ իրենք իրենց սեփականություն հանդիսացող շենքերն ու գույքը չեն վաճառելու, իսկ եթե դիցուք վաճառելու մտադրություն ունենան, կվաճառեն պետությանը։
Այս հայտարարությունը ստեղծագործական միություններն իրենք արել են, իրենք էլ լսել. պետական որևէ մարմին նրանց հետ չի հանդիպել, հակափաստարկներն ու պնդումները չի լսել, իրենց իսկ վերաբերող խնդիրը նրանց հետ չի քննարկել։
Խոսքը վերաբերում է ոչ միայն նկարիչների, գրողների, կոմպոզիտորների, թատերական, կինոյի գործիչների միություններին, այլև 27 հազար միավոր գույքի։ Այդ ամբողջը իշխանություններն ուզում են պետականացնել։ Դրանց շարքում են նաև խուլուհամրերի, կույրերի միավորումների գույքը։
Հայաստանում չկա մի օրենք, ըստ որի՝ այդ շենքերը երբևէ պատկանած լինեն պետությանը։ Դրանք սեփականության իավունքով պատկանում են մասնավոր ընկերությունների, կառույցների. այդպես եղել է խորհրդային տարիներին, այդպես եղել է նաև վերջին 30 տարում։
1992 թվականին, երբ շենքերը սեփականաշնորհվեցին, օրենքը ստեղծագործական միությունների վրա չտարածվեց, որովհետև դրանք արդեն իսկ սեփականացված էին. այդ գույքը ուներ սեփականատեր՝ փաստաթղթերով, օրինական կնիք-ստորագրությամբ։ Իսկ իշխանությունը պատճառաբանում է, թե կադաստրի ինչ-որ աշխատող սխալ է գործել, շենքն ու գույքը սեփականացրել է։ 27 հազար միավոր գույքը կադաստրի այդ ո՞ր աշխատակիցն է «անօրինաբար» սեփականացրել ու տվել սեփականատերերին։ Անտրամաբանակ է, եթե ոչ՝ զավեշտալի։ Դա կատարվել է տարիների ընթացքում և օրենքի պահանջին համապատասխան։ Ի՞նչ կապ ունի՝ ով է արել. կադաստրի աշխատողներն օրենքի պահանջն են կատարել՝ ըստ ներկայացված փաստաթղթերի և սեփականության իրավունքի։
Եթե ստեղծագործական միությունները սեփականության իրավունքով իրենց պատկանող շենքերն ու գույքը վաճառելու մտադրություն չունեն, այդ դեպքում ո՞րն է իշխանության բուն նպատակը, որ այս մարդկանց հանգիստ չի տալիս ու վճռել է նրանց զրկել սեփականության իրավունքից ու գույքից։
Ոչ թե շշուկներ, այլ բարձրաձայն համոզմունքներ են հնչում՝ ինչ-որ մարդկանց աչքը Երևանի կենտրոնում գտնվող այդ շենքերի վրա է՝ Նկարիչների միություն՝ Աբովյան 16, Գրողների միություն՝ Բաղրամյան 1, Թատերական գործիչների միություն՝ Մաշտոցի 13, Խուլուհամրերի պալատ՝ Կողբացի 69… գայթակղիչ է, ինչ խոսք։ Գայթակղիչ է նաև իշխանությունների համար։ Ուզում են… պետականացնել։ Ու ինչպես հայտարարել են՝ իրենք են որոշելու դրանց ճակատագիրը։
Հոկտեմբերի 30-ին վարչական դատարանը միանգամից հրապարակելու է վճիռը։ Փաստաբանները տրցակներով փաստաթղթեր են պատրաստել, բանավոր լսումների միջնորդություն ներկայացրել, որը բանի տեղ էլ չի դրվել։ Եթե միանգամից վճիռն է հրապարակվելու, ապա օրենքի նախագծում ինչ-որ կետեր փոխելու մասին հայտարարությունները ի՞նչ շոու է։ Պարզից էլ պարզ է, որ էն գլխից ամեն ինչ որոշված է եղել։ Փաշինյանն է հայտարարել ստեղծագործական միությունների շենքերը պետականացնելու ցանկության մասին։
Սա պետական ռեկետ է. համոզված են ստեղծագործական միությունները։