Այս երիտասարդներն ու օրիորդները, որ հիմա սովորում են Երևանի տարբեր բուհերում՝ Պետական համալսարանում, Պոլիտեխիկականում, Բժշկականում, Մանկավարժականում, Գեղարվեստի ակադեմիայում, Ամերիկայն համալսարանում, դեռ 3 տարի առաջ ապրում էին Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում և սովորում այնտեղի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 դպրոցում։
Բերձորից բռնի տեղահանվելով՝ նրանք իրենց ընտանիքների հետ բնակություն են հաստատել Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում։ Իսկ այսօր հյուրընկալվել են Միացյալ Նահանգների եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության հայաստանյան ներկայացուցչության գրասենյակում։
Հանդիպումը կազմակերպել է գրասենյակի տնօրեն Գայանե Մուրադյանը։
Բերձորցիները հիմա էլ կապված են միմյանց հետ, թեև Բերձորից բռնի տեղահանվելով՝ ամեն մեկն իր ճանապարհն ունի արդեն, փորձում է նոր կյանք սկսել։ Բերձորը նրանց հուշերում մխացող կարոտ է, լուսավոր անցյալ, որ ամեն պահ իրենց հետ է։
Հույզերը, հիշողությունները, կորստյան ցավն ու նաև ուրախությունը, որ Բերձորն ապրում է այս երիտասարդների աչքերում, նրանց սրտերում, միախառնվել էին։ Բերձորցի երիտասարդներն են շարունակելու ապրեցնել Բերձորը, և ուր որ գնան, իրենց փոքրիկ Բերձորն են կառուցելու։
Ջերմ ու մտերմիկ հանդիպման առիթը բաերգործական ծրագիրն էր, որով թեքեյանցիները տարիներ շարունակ կապված են եղել Բերձորի հետ՝ վերանորոգելով, լիովին նոր տեսք տալով այնտեղի Վահան Թեքեյանի անվան դպրոցին, որի հարմարավետ ու բարեկարգ դասարաններում հասցրին մինչև բռնի տեղահանումը, սովորել ընդամենը մի քանի ամիս։
Թեքեյանցիները բերձորցիներին չեն մոռանում։ Մոնրեալից ԹՄՄ վարչության անդամ Ավետիս Ճիհանյանն իր անձնական միջոցներից ֆինանսական օգնություն է հատկացրել 15 ուսանողի։
Բերձորի դպրոցն այնքան հարուստ գիտելիք է տվել, որ շրջանավարտների մեծ մասն ընդունվել է բուհերի անվճար բաժիններ։ Բերձորցի երիտասարդների հետ թեքեյանցիները մեծ հույսեր են կապում։ Պատահական չէ, որ նրանք հովանավորել են Բերձորի Վահան Թեքեյանի անվան դպրոցի վերակառուցման ու վերանորոգման ծրագիրը։ Կրթությունը թեքեյանցիների ուշադրության կենտրոնում է, բարեգործության շարժառիթն է միշտ։
Առաջիկայում էլ Թեքեյան մշակութային միությունը մի հարկի տակ կհավաքի բերձորցիներին, այս դառն ու հուսահատ օրերի մեջ նորից կվերակենդանա Բերձորը՝ իր ուսուցիչների ու աշակերտների հուշ-պատմություններում։