Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքով Ադրբեջանին պատկանելու դրույթը կեղծ է։
20-րդ դարում Անդրկովկասում Ադրբեջանան անունով 3 կազմավորում է հայտնվել։ Նախապես ասեմ, որ Լեռնային Ղարաբաղը դրանցից ոչ մեկում չկա. Azg.am-ի հետ զրույցում ասաց տարիներ շարունակ ղարաբաղյան հիմնախնդրի պատմաքաղաքական և միջազգային իրավունքի հիմքերի վերլուծությամբ զբաղվող պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը։
Ստորև ներկայացնում ենք Ալեքսանդր Մանասյանի պատմական և իրավական դիտարկումները, որոնք կարող են բանակցային սեղանի շուրջ մեր ձեռքին լուրջ ու հիմնավոր փաստարկներ լինել, սակայն փաստացի երբեք չեն կիրառվում։
1918-20 թթ Ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը հիմնել է Օսմանյան կայսրությունը։ Թուրքական զորքերը մտել են Անդրկովկաս՝ հայոց ցեղասպանությունը շարունակելու, Հայաստանը ոչնչացնելու նպատակով, բայց Սարդարապատի, Բաշ-Ապարանի հաղթական ճակատամարտերը խանգարել են նրանց՝ իրագործելու հայերի երկրորդ զանգվածային ցեղասպանությունը։ Սակայն թուրքերը շարժվել են Բաքու և այնտեղ ստեղծել Ադրբեջանական դեմոկրատական հանրապետություն արհեստածին կազմավորումը։
Ինքնորոշման ակտով, անկախության հանրաքվեով չկայացած պետությունը չի կարող օրինական լինել։ Ազգերի լիգան էլ է ընդունել, որ Ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունն օրինական չէ։
Երբ, այսպես կոչված, Ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը դիմել է Ազգերի լիգա ընդունվելու համար, 5-րդ կոմիտեն և Ազգերի լիգայի գլխավոր քարտուղարը Ադրբեջանական դեմոկրատական հանրապետությանը բացասական գնահատականներ, բնորոշումներ են տվել և պետություն չեն համարել։ Գլխավոր քարտուղարն ասել է՝ այս տարածաշրջանում այդպիսի պետություն չի եղել, այն կրում է հարևան պետության՝ Իրանի հյուսիս-արևմտյան նահանգի անունը, չունի հստակ սահմաններ, և այսպիսի բազմաթիվ կետերով Ազգերի լիգան ասել է՝ մենք չենք կարող Ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը ճանաչել և ընդունել։
Չճանաչված ու չընդունված լինելով հանդերձ՝ այս կազմավորումը հավակնել է Արցախին, բայց այնտեղ 1918 թվականի հուլիսից գործում էին օրինական իշխանություններ։
Արցախը 1918-20 թթ եղել է դե ֆակտո անկախ պետություն։
Կազմվել է Լեռնային Ղարաբաղի լիազոր ներկայացուցիչների համագումար։ Նրանք ընտրված ղեկավարներ են եղել, որոնց հետ հարաբերվել են տարածաշրջան մտած թուրքերը և պահանջել, որ Ղարաբաղը ենթարկվի իրենց հիմնած Ադրբեջանական դեմոկրատական հանրապետությանը։ Արցախցիները մերժել են։ Մսմընա գյուղի մոտ հայերը ջարդել են թուրքական զորագնդին, ու Արցախն արհեստածին ադրբեջանական կազմավորմանը միացնելու հարցն օրակարգից հանվել է։
Այդ նույն պահանջով Արցախին դիմել է Անտանտը ներկակյացնող և Բաքու մտած անգլիական ռազմական առաքելությունը, այսպես կոչված՝ անգլիական միսիան՝ գեներալ Թոմսոնի գլխավորությամբ։
Արցախը Թոմսոնին էլ է մերժել ենթարկվել ադրբենական կազմավորմանը, սակայն անգլիացի գեներալը չի նահանջել, Արցախն էլ չի նահանջել։
Թոմսոնը ստիպված բավարարվել է, որ Ադրբեջանի անօրինական կառավարությունը՝ կազմված թուրքերից, ժամանակավոր պայմանագիր կնքի Արցախի լիազոր ներկայացուցիչների յոթերոդ համագումարի լիազորած ազգային խորհրդի հետ, որով Արցախն ընդունել է ժամանակավոր գուբերնատորի, մինչև Փարիզի խաղաղության կոնֆերանսը հարցը կլուծեր։ Բայց գործը չի հասնում Փարիզի խաղաղության վեհաժողովին, քանի որ 1920 թվականի ապրիլի 28-ին Սովետական Ռուսաստանի զորքերը՝ 11-րդ կարմիր բանակը, մտնում է Բաքու, տապալում թուրքերի հիմնած ադրբեջանական արհեստածին կազմավորումը և հիմնում նորից արհեստականորեն ստեղծված Ադրբեջանական սովետական սոցիալիստական հանրապետությունը, որի կազմում ևս Արցախը չի եղել։
Նույն օրը՝ ապրիլի 28-ին, Արցախի օրինական իշխանություններն Արցախը հռչակում են Հայաստանի Հանրապետության անքակտելի մաս։
Մանրամասները՝ տեսնյութում.
Շարունակելի…