Թուրքական արտադրության Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի՝ Մերծավոր Արևելքում և Արցախում գրանցած որոշակի հաջողությունից հետո, դրանց դերն ու ֆունկցիոնալ հնարավորությունները գերագնահատվեցին։ Էլ ավելի հաջող գովազդելով ԶԼՄ-ներում ու համացանցային տարբեր հարթակներում՝ թուրքական իշխանությունները հասան նրան, որ այս ԱԹՍ-ները, կարծես թե, հոմանիշ դարձան ռազմական «նորաձևության»։ Սակայն իրականությունը շատ տարբեր է գովազդից․ միջազգային մամուլում վերջին օրերին հրապարակվում են բազմաթիվ հոդվածներ ու փորձագիտական հարցազրույցներ Bayraktar TB2-ի՝ համաշխարհային մասշտաբով ունեցած դերի ու նշանակության վերաբերյալ։ Այս համատեքստում պատկերը բոլորովին այլ է։
Այսպես։ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը, վերլուծելով Ռուսաստանում և Չինաստանում առկա ռազմական տեխնոլոգիաների հնարավորությունները, որոշում է կայացրել հրաժարվել առասպելականացված հետախուզական-հարվածային MQ-9 Reaper ԱԹՍ-ների հետագա օգտագործումից՝ որակելով այն որպես անօգուտ՝ բարձր ինտենսիվության մարտերում։ Այլ կերպ ասած, ինչպես նշվում է բազմաթիվ հրապարակումներում, այս տեսակի անօդաչու թռչող սարքերը կարող են օգտագործվել միայն անլիարժեք բանակների դեմ, որոնք ի վիճակի չեն ստեղծել նույնիսկ միջին որակի ՀՕՊ համակարգեր:
Թվում է՝ ի՞նչ կապ ունեն միմյանց հետ թուրքական Bayraktar-ը և ամերիկյան արտադրության MQ-9 Reaper-ը։
Փաստն այն է, որ MQ-9 Reaper-ը և Bayraktar TB2-ը միմյանցից տարբերվում են միայն չափերով և որոշակի՝ փոքր դետալներով։ Ըստ կիրառման սկզբունքի, դրանք բացարձակապես նույնական են։
MQ-9 Reaper-ը նկատելիորեն ավելի մեծ և ծանր է: Bayraktar TB2-ի թևերի բացվածքը 12 մետր է, իսկ դրա ամերիկյան «գործընկերոջը»՝ 20: Bayraktar TB2-ի թռիչքի առավելագույն քաշը 650 կգ է՝ MQ-9 Reaper-ի 4,76 տոննայի դիմաց: Ըստ այդմ, առաջինի բեռնունակությունը 150կգ է, մյուսինը՝ 1700կգ:
Այդուամենայնիվ, ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունն արդեն հրաժարվում է գնել այս տեսակի նոր ԱԹՍ-ները՝ պահանջելով ստեղծել նոր սերնդի անօդաչու թռչող սարք․ «Դրանք գրեթե անօգուտ են Ռուսաստանի, Չինաստանի կամ նույնիսկ Իրանի և Հյուսիսային Կորեայի հակաօդային պաշտպանության խիտ համակարգերի դեմ»,- ասել է գլխավոր շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար գեներալ Մարկ Միլին։
Ինչպես նշում են փորձագետները, թե՛ ամերիկյան MQ-9 Reaper-ի և թուրքական Bayraktar TB2-ի հաջողության հիմնական բանալին հակառակորդի անպաշտպան վիճակն է։
Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Տես նաև` Ռուսաստանը ցանկանում է կլոնավորել հին սկյութական ռազմիկներին