ՀՀ գործող իշխանություններն անկեղծ չեն սեփական ժողովրդի հետ և նմանօրինակ հայտարարություններ հնչեցնելով՝ ցանկանում են ընդամենը ցույց տալ, որ իբր մտահոգված են Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի ճակատագրով, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ավելի ու ավելի հրատապ է դառնում Արցախ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը։
«Նույնիսկ դպրոցականն է արդեն հասկանում, որ ռուս-արևմտյան այդ խայտառակ պատերազմի պարագայում եվրոպական փաստահավաք խումբը չի կարող միևնույն տարածքում համագործակցել ռուս խաղաղապահների հետ։ Սա ակնհայտ է, և Նիկոլ Փաշինայնն այդպիսի բան հայտարարում է, որովհետև զգում է, որ փաստացի «պռավալ» է տվել Արցախի և Լաչինի միջանցքի շուրջ ամբողջ դիվանագիտական աշխատանքը։
Ըստ էության՝ նա զգում է, որ վտանգաներ կան, որ Լեռնային Ղարաբաղում կարող է աղետ լինել, և փորձում է հայ հասարակության շրջանում ապահովագրել իրեն՝ հերթական անգամ մեղադրելով այլ շրջանակների»,- ասաց քաղաքագետը։
Երվանդ Բոզոյանի խոսքով՝ եթեն ՀՀ գործող իշխանություններն ինչ-որ պահի բոլոր ձախողումներում մեղադրում էին նախկին իշխանություններին, ապա այժմ գլխավոր թիրախ դարձել են ռուս խաղաղապահներին։
«Նիկոլ Փաշինյանը նախապատրաստում է՝ այդ «սպեցօպերացիան» իրականացնելու համար։ Այլ լուրջ բան այստեղ փնտրել անիմաստ է։ Մենք բոլորս հասկանում ենք, որ այդ փաստահավաք խմբի տրամաբանությունը չէ, որ պետք է լուծի Լաչինի միջանցքի խնդիրը, թեև հայ հասարակության որոշ շրջանակների մոտ էլ տեսակետ կա, որ գուցե Ռուբեն Վարդանյանն էր միջանցքի բացմանը խանգարում, կամ մեկ այլ բան։
Բայց ոչ. Ադրբեջանին խանգարում է Արցախի կարգավիճակը։ Նա ուզում է վերացնել Լեռնային Ղարաբաղում ցանկացած պետական ինստիտուտ։ Ալիևը բաց հայտարարում է դրա մասին, խոսում նաև հայ ժողովրդի հետ։ Այլ խնդիր է, որ հայ ժողովուրդն ականջները բաց լսում է տարբեր մարդկանց՝ բացի իրականությունը»,- ասաց Երվանդ Բոզոյանը։
Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ ավելի ու ավելի հրատապ է դառնում ԼՂ ու Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը՝ կանխելու Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սանձազերծումն ու ԼՂ ժողովրդին էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները։