Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ադրբեջանցիների հետ ոչ մի բան չեն պայմանավորվել, կամ եթե պայմանավորվել են, այդ մասին տեղյակ են պահել, քանի որ ժողովրդից թաքցնելու ոչինչ չունեն, և ՀՀ 3 միլիոն վարչապետներն իրավունք ունեն իմանալ բոլոր պայմանավորվածությունների մասին։ Այսօր, սակայն, նույն Փաշինյանը ՀՀ տարածքից 100 հեկտար «ձեռքի հետ» նվիրում է Ադրբեջանին, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանցիները, հերթական անգամ խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածոթյունները, Սյունիքի մարզի Տեղ գյուղի վարչական տարածքում առաջ են եկել և հենակետ դրել։ Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը MediaHub-ի հետ զրույցում ասել է, որ ադրբեջանական կողմը հենակետը տեղակայել է իր ցորենի արտում։
ԱԱԾ-ն իր հերթին հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ «որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ»:
Հայկ Նահապետյանը տարակուսանք հայտնեց՝ այդ ի՞նչ հանձնաժողովի կամ անձանց կողմից են ադրբեջանցիների հետ բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերվել, հանրությանն անհայտ այդ ո՞ր մարմինն է ՀՀ անունից բանակցել Ադրբեջանի հետ։
«Հետաքրքիր է իմանալ, թե ինչ են պայմանավորվել, և արդյոք այդ պայմանավորվածությունները միայն նշված տարածքին են վերաբերում։ Վաղը չէ մյուս օրը նման անակնկալներ կարող են լինել Տավուշի, Արարատի, Գեղարքունիքի մարզերում։ Այսինքն՝ Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, բանավոր պայմանավորվածություններով տարածքներ է հանձնել, և այժմ քաղաքական կապիկություններ են անում, որ իբր ադրբեջանցիները եկել, այդ տեղերում նստել են։ Իբրև զարմանում են՝ ինչու են ադրբեջանցիներն այդքան շուտ եկել, տեղակայվել, չպետք է գային։
Այս իրավիճակը հիշեցնում է Խծաբերդի տարածքները զիջելու գործընթացը։ Նույն մեխանիզմն է աշխատում. հայկական կողմը դուրս է գալիս, ռուսները չկան, ադրբեջանցիները գալիս-նստում են մեր դիրքերում։ Հետո պարզվում է՝ ամեն ինչում ռուսներն են մեղավոր»,- ասաց ռազմական փորձագետը։
Հայկ Նահապետյանը հիշեցրեց՝ պատերազմից երկուսուկես տարի անց էլ հայկական կողմը չի կարողացել ասֆալտապատել կամ վատ որակի ասֆալտապատում է իրականացրել մի քանի տասնյակ կմ այլընտրանաքային ճանապարհներին՝ ինչպես Արցախում, այնպես էլ ՀՀ տարածքում։ Մինչդեռ ադրբեջանական կողմը պատերազմի ավարտից ի վեր կառուցել է լայն և անվտանգ բազմաթիվ ճանապարհներ։
«Իրավիճակն այն է, որ Հայաստանի Հանարապետությունում այս դիլետանտների և ազդեցության գործակալների իշխանությունն ամեն Աստծո օր նոր տարածքներ է զիջում։ Դարեր շարունակ մեր տարածքներն այսպես են զիջվել։ Հիմա էլ այս փնթիների կառավարման հետևանքով է այս ամենը տեղի ունենում, բայց Փաշինյանից որևէ մեկը փաստացի հարցում չի կատարում։ Մինչդեռ ընդդիմությունն այդ իրավունքն ունի։ Ընդդիմությունն այսօր պետք է փողոցները հեղեղեր, որովհետև, խոսքս, հիշեք, Ադրբեջանն, այսպես կտոր-կտոր տարածքներ, բարձունքներ վերցնելով, առաջ է գալու, իսկ Փաշինյանը որևիցե ձևով չի արձագանքելու։ Մենք կորուստներ ունենալու ենք, քանի դեռ նա ՀՀ վարչապետի աթոռին է»,- ասաց Հայկ Նահապետյանը։
P.S. Azg.am-ի թղթակիցը փորձեց կապ հաստատել Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանի հետ, սակայն և՛ համայնքապետը, և՛ համայնքապետարանի աշխատակցուհի ներկայացած ոմն տիկին հրաժարվեցին փոխանցել իրենց գործընկերոջ հեռախոսահամարը։ Տեղ համայնքի ղեկավարը պատճառաբանեց, որ ժողովի է, իսկ ահա իր անունն այդպես էլ չհայտնած տիկինը նշեց, որ Զեյնալյանը ապատեղեկատվություն է տարածում. ադրբեջանցիները գյուղի մոտակա արտի տարածքում հենակետ չեն տեղակայել։