Նույնիսկ այն ժամանակ, երբ ադրբեջանական կողմը պատերազմ հայտարարեց, մեղադրանքներ հնչեցրեց, թե Հայաստանն է այն հրահրել։ Երկկողմ պայմանավորվածությունների չկատարման մեջ մշտապես հայկական կողմին մեղադրելը Ադրբեջանի պարագայում տարօրինակ չէ։ Նույնը կարելի է ասել նաև գազի և մյուս ենթակառուցվածքների անխափան մատակարարման պայմանավորվածության մասին, որը ևս Ադրբեջանը չի կատարում, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում ադրբեջանական կողմի հաճախակիացած մեղադրանքներին, թե հայկական կողմը վիժեցնում է բոլոր պայմանավորվածությունները։
«Միանշանակ և միշտ այդպես էլ լինելու է ։ Մարդիկ միշտ մտածում են՝ ի՞նչ անենք, որ Ադրբեջանը գազի փականը բացի, ի՞նչ անենք, որ Լաչինի միջանցքը, տեխնիկական լուծումներ են ման գալիս։ Իրականում այդ խնդիրների լուծումը քաղաքական հարթության մեջ է՝ նույնիսկ իրավական հարթության մեջ չէ։
Շատերը համոզված էին, որ Հաագայի դատարանի որոշումից հետո (նկատի ունի փետրվարի 22-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որով Ադրբեջանից պահանջվում է ձեռնարկել բոլոր միջոցները՝ երկու ուղղություններով ապահովելու տրանսպորտային միջոցների և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ խմբ.) Ադրբեջանը ճանապարհը կբացի։ Բայց նման բան տեղի չունեցավ»,- ասաց Երվանդ Բոզոյանը՝ հիշեցնելով, որ դատարանի որոշումները պարտադրող մարմնի բացակայության պարագայում Ադրբեջանի վարքը լիովին կանխատեսելի էր։
Քաղաքագետը շեշտեց՝ այս պարագայում Հաագայի դատարանի որոշումն ավելի շուտ վերացական-իմիջային բնույթ է կրում, մինչդեռ հայ հասարակության մեջ ընկալումը բոլորովին այլ էր։ Ըստ նրա՝ ժամանակն է հասկանալու, որ բոլոր խնդիրները լուծվում են երկակի ստանդարտներով և քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։
«Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակել է մեկ պարզ պատճառով, որպեսզի արցախահայությունը հեռանա իր հայրենիքից, և ԼՂ հարցը լուծվի հայերին Արցախից վտարելով։ Իսկ ինչո՞ւ նրանք այդ իրավունքն ստացան. 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նրանք նման իրավունք չունեին, որովհետև այն ժամանակ համաձայնությունն այնպիսին էր, որ ԼՂ կարգավիճակն անորոշ է, և այն պետք է լուծվի հետագայում։
Եթե ԼՂ կարգավիճակն անորոշ էր, անորոշ էր նաև Լաչինի միջանցքի կարգավիճակը։ Իսկ եթե Լաչինի միջանցքը կարգավիճակն անորոշ է, իրենք իրավունք չունեն պնդելու այնտեղ անցակետ տեղադրել։
Բայց երբ ՀՀ իշխանությունները Պրահայում համաձայնություն տվեցին, որ Լեռնային Ղարաբաղը կարող է լինել Ադրբեջանի կազմում, ադրբեջանական կողմը դրանից հետո լեգիտիմ իրավունք ստացավ ռուսներին ասելու, որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրն այլևս չի գործում այն աստիճան, ինչ նախկինում։
Եթե Հայաստանը համաձայնում են, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, ուրեմն Լաչինի միջանցքն Ադրբեջան է։ Եթե Լաչինի միջանցքն Ադրբեջան է, այնտեղ պետք է անցակետ լինի։ Ադրբեջանցիներն էլ հայտարարում են՝ եթե հայերը չեն ուզում, որ Լաչինի միջանցքում անցակետ լինի, ուրեմն «Զանգեզուրի միջանցքում» ևս չպետք է անցակետ լինի։ Սա նրանց կողմից շատ տրամաբանական հարցադրում է»,- նկատեց Երվանդ Բոզոյանը։ Քաղաքագետի համոզմամբ՝ Ադրբեջանը բավական հաջող կերպով օգտվում է ՀՀ իշխանությունների անմեղսունակ գործելաոճից՝ Լաչինի միջանցքի խնդիրը 180 աստիճանով շրջելով հայերի դեմ։
Մեր զրուցակիցը նաև հիշեցրեց՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կարգավիճակի հարցը միջազգային հարթակներում երբևէ չի քննարկվել, մինչդեռ Լաչինի միջանցքի հարցի առնչությամբ մինչև 2018 թվականն ընդունված էր հետևյալ դրույթը՝ այն պետք է ունենա նույն կարգավիճակը, ինչ ԼՂՀ-ն։
«Քանի որ ԼՂՀ կարգավիճակը դեռ որոշված չէր, նշանակում է՝ որոշված չէր նաև Լաչինի միջանցքի կարգավիճակը»,- ամփոփեց քաղաքագետը։