Քաղաքագետ Արա Պողոսյանը կարծում է, որ հատկապես լոնդոնյան իրադարձություններից հետ Ադրբեջանում ակնհայտ գիտակցում են՝ Նիկոլ Փաշինյանին գոնե այս պահին Բաքու հրավիրելը քիչ իրատեսական է։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին հրավիրել է Բաքու՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP 29 -ի համաժողովին։
Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևնը հայտարարել է, որ COP 29-ի համաժողովի նախագահ Մուխտար Բաբաևը պաշտոնական հրավեր է ուղարկել ՀՀ արտգործնախարարին՝ հավելելով, որ «Բաքվի այս քայլը ցույց է տալիս Ադրբեջանի բարի կամքն ու ներառական մոտեցումը»։
«Իսկ թե ինչու են Բաքու հրավիրում հենց Արարատ Միրզոյանին, կարծում եմ՝ որպեսզի Ադրբեջանի կամ միջնորդների կողմից փորձ արվի ինչ-որ համաձայնության գալ և այնտեղ որևէ սիմվոլիկ փաստաթուղթ կամ համաձայոնւթյուն ստորագրել»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետը։
Արա Պողոսյանի խոսքով՝ այս իմաստով Բաքվի համար կարևոր է հենց ՀՀ արտգործնախարարի մասնակցությունը՝ որպես պետության առաջին դեմքից հետո հիմնական բանակցողի։
«Նաև հաշվի առնելով ԱՄՆ-ում արտգործնախարարների հանդիպումը՝ տրամաբանական կլինի, եթե Բաքուն ցանականա, որ հանդիպումը կրկին կայանա ԱԳ նախարարների մակարդակով։ Իսկ ի՞նչ կտա որևէ փաստաթղթի կամ համաձայնության ստորագրումը Բաքվին. դա կընդգծի Բաքվի տարածաշրջանային դերի նշանակությունը, գործընթացների վրա նրա լրջագույն ազդեցությունը, նոր փաստաթղթի ստորագրումը Բաքվի համար իմիջի առումով տարածաշրջանում նոր ստատուս կապահովի։
Սա Ադրբեջանի համար այս պահին առավելագույնը կլինի՝ ապացուցելու, որ Բաքուն այսպես կոչված խաղաղության դարաշրջանի կողմնակից է և ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու նպատակով»,- ասաց Արա Պողոսյանը։
Մեր զրուցակիցը միաժամանկ ընդգծեց՝ Բաքուն ամեն կերպ փորձում է Երևանին կանգնեցնել փակուղային իրավիճակի առջև. նոյեմբերին կայանալիք COP 29 -ի համաժողովին մասնակցելու դեպքում հայկական կողմը պետք է որոշում կայացնի՝ տալի՞ս է Ադրբեջանին այդ հաղթաթուղթը և խաղաղարարի ստատուսին հավակնելու հնարավորությունը, թե ոչ։
«Եթե ՀՀ արտգործնախարարը մասնակցում է Բաքվում կայանալիք համաժողովին, սա իր հերթին ռիսկ է, եթե չի մասնակցում՝ նշանակում է, որ Հայաստանը խուսափում է հանդիպումներից։ Իսկ հատկապես դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում Բաքուն այս հրավերը ներկայացնում է որպես բարի կամքի դրսևորում, և Երևանի կողմից հրավերի մերժումը բերելու է իմիջային վնասներ։
Կարծում եմ՝ Բաքվի հաշվարկը հենց սրա վրա էլ հիմնված է։ Երկու դեպքում էլ Բաքուն շահած է դուրս գալու։ Մնում է, թե ՀՀ իշխանությունները ինչպիսի ռազմավարույթուն կմշակեն՝ առավելագույն քիչ վնասներ կրելու համար»,- ամփոփեց Արա Պողոսյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դեռ չի պատասխանում հարցին՝ արդյոք Արարատ Միրզոյանը կընդունի Բաքվի հրավերը և կմեկնի Ադրբեջան։ ԱԳՆ-ից միայն փոխանցում են, թե՝ «հարցին անդրադարձ լինելու պարագայում կտեղեկացնեն»։
Ավելի վաղ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Բաքու մեկնելու և այնտեղ կայանալիք COP29 ֆորումին մասնակցելու վերաբերյալ խոսակացություններին, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն «Ազատությանը» փոխանցեց, որ վարչապետ Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում: