Մենք 2018-ից շատ առաջընթաց ենք գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում, բայց այս պահին տեսնում ենք, որ որոշակի չափով առաջընթաց գրանցելու համար հավելյալ ջանքեր են պետք: Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«ԱԽ գրասենյակը հետևում է ավելի քան 24 զեկույցների, այդ զեկույցներում բարձրացվող բոլոր խնդիրներն այլևս մեր օրակարգում են՝ կլինի ռազմավարության, օրենքի, քաղաքականության մակարդակով: Այսինքն՝ գրեթե չկա մի հարց, որը միջազգային զեկույցները բարձրացնում են, և դա ՀՀ կառավարության օրակարգում չէ: Խնդիրը երբեմն դրանց իմպլեմենտացիան է: Այստեղ է, որ մենք պետք է հավելյալ ջանք գործադրենք:
Հայաստանը յուրահատկություններ ունի. այս պահին Հայաստանը, ՀԱՊԿ-ի անդամ լինելով, Ֆրանսիայից զենք է գնում, դիմել է Եվրոպական խաղաղության գործիքից օգտվելու համար: Այս առումով մենք շարունակում ենք առաջ շարժվել, և ես համոզված եմ, որ Հայաստանի հնարավորությունները շատ մեծ են, և մենք կարող ենք այդ հնարավորություններն օգտագործել»,- նշեց ԱԽ քարտուղարը: