Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ՀՀ-ն աշխատում է իր դիմակայունությունը բարձրացնելու վրա. այդ կոնտեքստում շատ ենք կարևորում դիվերսիֆիկացիան. Արմեն Գրիգորյան

ՀՀ-ն վերջին տարիներին աշխատում է իր դիմակայունությունը բարձրացնելու վրա, և դիմակայունության կոնտեքստում մենք շատ ենք կարևորում դիվերսիֆիկացիան՝ զանազանեցում տնտեսության մեջ, զանազանեցում անվտանագության մեջ։ «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. մարտահրավերները և հնարավորությունները» թեմայով համաժողովին այս մասին հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Բանախոսը շեշտեց՝ դիմակայունության առումով կարևոր են համարում ժողովրդավարական ընտրությունները։

«Մենք խորը համոզմունք ունենք, որ ժողովրդավարությունը միանշանակ բարձրացնում է ՀՀ-ի դիմակայունությունը։ Ժողովրդավարությունը կարևոր է ներքին անվտանգության տեսանկյունից»,-նշեց Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը միաժամանակ նկատեց, որ բարեփոխումները և տնտեսական արդյունքները բերում են ավելի շատ ռեսուրսների հնարավորության և այդ ռեսուրսների ներդրմանն՝ անվտանգության ոլորտում՝ կլինի զենքի ձեռքբերում, թե նոր տեխնոլոգիանների ձեռքբերում, նաև կարողությունների առումով և այլն։

Դիմակայունության տեսանկյունից նա կարևորեց նաև գործընկերության ամրպանդումը ԵՄ-ի և ԵՄ անդամ պետությունների հետ։
«Գործընկերությունը բարձրացնում է ՀՀ-ի դիմակայունությունը, և դա ևս կարող ենք դիտարկել դիվեսիֆիկացիայի տեսակետից՝ ՀՀ-ն որքան շատ գործընկեր ունենա, որոնք կաջակցեն ՀՀ-ի բարեփոխումներին, կամրապնդեն տնտեսական համագործակցությունը, այնքան ավելի դիմակայուն է լինելու»,-ասաց նա։

Դիմակայունության տեսակետից Արմեն Գրիգորյանը նաև կարևորեց խաղաղությունը։ «Մենք համոզմունք ունենք, որ տարածաշրջանում խաղաղությունն ամրապնդում է  ՀՀ-ի դիմակայունությունը, նոր հնարավորություն է բացում ՀՀ-ի համար և մենք շարունակելու ենք աշխատել խաղաղության օրակարգի շուրջ»,-ասաց նա։