«Մեկ տարի առանց Արցախի» խորագրով կոնֆերանսի ժամանակ ԱՀ նախկին պետնախարար և Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հիշեցրեց 2022 ապրիլի 13-ին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի՝ ԱՀ նշաձողն իջեցնելու մասին հայտարարությունը։
«Հենց այդ օրը ես ու Մարդու իրավունքների պաշտպանը Նախագահի հանձնարարությամբ ՀՀ-ում հանդիպում էինք ունենում մի արևմտյան դիվանագետի հետ, դրանից մեկ շաբաթ հետո հաջորդ արևմտյան դիվանագետի հետ ենք հանդիպել: Եվ իրենց մեսիջներն էլ, հատկապես՝ երկրորդինը, վերաբերում էին նրան, որ ՀՀ իշխանությունների՝ նշաձողն իջեցնելու առաջարկը պետք է դուք ընդունեք, ես հիմա անուններ չեմ տա: Մենք մեր հակափաստարկներն ունեինք, թե դա ինչ է նշանակում: Իսկ մեզ մոտ, այսինքն՝ Անվտանգության խորհրդի նիստերում, այդ թվում՝ նախագահի կողմից երբևէ նմանատիպ գաղափար չի քննարկվել, և չի քննարկվել, թե ՀՀ իշխանություններն ինչ առաջարկ ունեն, ինչ են մտածում, երբ ասում են՝ նշաձողն իջեցնել:
Հստակորեն որևէ բան չի ասվել, որ՝ եկեք իջեցնենք, քննարկենք, օրինակ, Ադրբեջանի կազմում ինքնավարություն: Ավելին, հոկտեմբերի 6-ի Պրահայի պայմանավորվածությունից առաջ, քանի որ արդեն միտումն առկա էր, որքան հիշում եմ, Նախագահի կողմից մեր Անվտանգության խորհրդի նիստերում էլ ներկայացվել էր, եթե ճիշտ եմ հիշում, հոկտեմբերի 3-ին հրապարակվեց Արցախի անվտանգության խորհրդի հայտարարությունը, որի պատրաստմանը ես բավականին մեծ մասնակցություն եմ ունեցել: Եվ այդ հայտարարությունը շատ հստակ էր՝ Արցախի մասով չպետք է զիջում լինի, և Արցախը չպետք է ճանաչել Ադրբեջանի կազմում: Սա ահազանգ էր Պրահայի հայտարարությունից առաջ»,- նշեց Բեգլարյանը՝ հավելելով, որ նմանատիպ այլ պրոցեսներ եղել են շրջափակման ժամանակ, բայց այդպիսի գաղափար և առաջարկ չի եղել, որ պետք է քննարկել Ադրբեջանի կազմում ինքնավարության հարցը: Ավելին, ըստ Բեգլարյանի, որևէ միջազգային միջնորդ Արցախի հետ նման հարց չի քննարկել:
«Երբ իրենք ասել են՝ պետք է նշաձողն իջեցնել, և մենք կոնկրետացումներ ենք ուզել՝ շրջափակումից առաջ և դրա ժամանակ, ուղիղ իրենք ասել են, որ Ադրբեջանի կազմում ուղղակի կունենաք մշակութային ինքնավարություն. ձեր հայերեն դպրոցը, ձեր համայնքները դուք կղեկավարեք: Բայց որպես առանձին միավոր՝ ինքնավարություն չեք ունենա»,- ասաց Արտակ Բեգլարյանը: