Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը կշարունակի աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում և ցավում է, որ նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք գագաթնաժողովում հայկական կողմը բարձր մակարդակով ներկայացված չի լինի. լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, կարող ենք ափսոսանք հայտնել, որ վաղվա գագաթնաժողովին Հայաստանը բարձր մակարդակով չի մասնակցի։ Հուսով ենք, որ կլինի աշխատանքային, փորձագիտական մակարդակով մասնակցություն, բայց, իհարկե, ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը կազմակերպության շրջանակներում», – նշել է Պեսկովը։
Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Երևանը հիմա չի քննարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը։