Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված հայանպաստ բանաձևերը, որպես այդպիսին, բարոյական կողմից բացի՝ որևէ գործուն ազդեցություն չունեն Ադրբեջանի ագրեսոր և պահանջատեր քաղաքականության վրա, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատն այսօր՝ հունվարի 17-ին, քննարկելու է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող միջկուսակցական բանաձևը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և ՀՀ-ի դեմ ագրեսիայի հետագա փորձերը և տարածքային ամբողջականությունը խախտելը կանխելուն»: Բանաձևը նաև կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։
Արթուր Ղազարյանի խոսքով՝ Ֆրանսիայի Սենատի հայանպաստ բանաձևերն ընդամենն Ադրբեջանին նախազգուշացնում են, որ Ֆրանսիան ինչ-որ պահի կարող է հայ-ադրբեջանական շփումներում հանդես գալ որպես միջնորդ կողմ։
«Ադրբեջանն իր հերթին հնարավորինս փորձելու է պատնեշներ ստեղծել Ֆրանսիայի դեմ՝ չեզոքացնելու նմանօրինակ զարգացումները՝ այդ երկրին հեռու պահելու հայ-ադրբեջանական հարաբերություններից։ Եթե Ադրբեջանին հաջողվի արտաքին քաղաքական դաշտում չեզոքացնել Ֆրանսիայի հնարավոր ազդեցությունը, դրանով հանդերձ նա ավելի շահեկան դիրքում կհայտնվի։ Հայկական կողմը, հակառակը, կորուստներ կունենա։
Բայցևայնպես, մենք տեսնում ենք, որ Ֆրանսիան ոչ միայն Սենատի մակարդակով, այլև դիվանագիտական տարբեր օղակներով հակաադրբեջանական կուրս է որդեգրել։ Որպես եվրոպական երկիր՝ Ֆրանսիան ոչ այնքան հայամետ կեցվածք է դրսևորում, որքան օբյեկտիվ իրականությունից ելնելով՝ փորձում է զսպել Ադրբեջանի հայատյաց, ցեղասպան կուրսը»,- ասաց քաղաքագետը։
Արթուր Ղազարյանի կարծիքով՝ Ֆրանսիան իր գործողություններով համաշխարհային հանրությանը հասկացնում է, որ աշխարհն Ադրբեջանի հարցում ջայլամային քաղաքականություն է վարում, մինչդեռ ինքը չի կարող հանգիստ հետևել հայասպան քաղաքականություն վարող այդ երկրի գործողություններին։
«Բայց կրկնում եմ՝ Սենատում քննարկվելիք հերթական բանաձև մեզ ոչինչ չի տա՝ բարոյական հարթությունից այն կողմ»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Նշենք, որ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան անդրադարձել է Ֆրանսիայի Սենատի օրակարգում ներառված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևին։
«Ֆրանսիայի Սենատի N157 որոշման նախագիծը հիմնված է իրականությունից հեռու գտնվող սխալ տեղեկատվության վրա։ Տարածաշրջանում տևական խաղաղության հեռանկարը պահանջում է, որ բոլորը վեր բարձրանան խնդիրների մակարդակին, այլ ոչ թե թեժացնեն կրակը»,-X-ի իր միկրոբլոգում գրել է նա։