Միակ մեկնաբանությունը, որին ենթակա է Լաչինի միջանցքի հարցով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, այն է, որ Հայաստանը չի կատարում ռուս-թուրքական տանդեմին անձնատուր լինելու և սեփական գոյությունը դադարեցնելու ցեղասպանական պահանջը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։
Հիշեցնենք, որ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել էր՝ ՌԴ ԱԳՆ-ն սկզբունքորեն կարևոր է համարում, որ պաշտոնական Երևանը նպաստի Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը։
«Սա կատարելապես լկտի արտահայտություն է, բայց Ռուսաստանի ԱԳՆ-ը շատ վաղուց բացահայտ ցինիկությամբ փորձում է միակ տուժած կողմի՝ Հայաստանի վրա բարդել իրենց հանցավոր պայմանավորվածություններին անձնատուր չլինելու բոլոր հետևանքները։
Մենք պետք է կատարելապես արհամարհենք այդ աննպատակ և թշնամական հայտարարությունները և փորձենք կարգի բերել մեր երկիրը, քանի դեռ այն իսկապես չի դադարել գոյություն ունենալ»,- ասաց Ալեքսանդր Քանանյանը։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այսօրվա ճեպազրույցում նաև հայտարարել էր՝ Ռուսաստանն անհրաժեշտ ջանքեր է գործադրում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու և այն եռակողմ համաձայնագրերի հիմնական հուն վերադարձնելու համար։