Պաշտոնական Երևանը բազմաթիվ անգամներ հայտարարել է՝ Հռոմի ստատուտի վավերացումը չի նշանակում, որ Միջազգային քրեական դատարանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշումն անպայման պետք է Հայաստանում իրականություն դառնա։ Երևանը սա հստակ է հայտարարել և կարող է ևս մեկ անգամ կրկնել այն։ Հետևաբար լրացուցիչ երաշխիքների մասին խոսելն անիմաստ է, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։
Հիշեցնենք՝ Կրեմլը հայտնել է, որ ակնկալում է և վճռական է Երևանից ստանալ որոշակի երաշխիքներ՝ կապված Միջազգային քրեական դատարանի՝ Վլադիմիր Պուտինի կալանավորման հրամանի կատարման հետ։
«Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի այն հայտարարությանը, թե Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը չի կարող բացասական ազդեցություն չունենալ երկկողմ հարաբերությունների վրա, ապա ակնհայտ է, հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող նախկինի նման լինել։ Բայց Պեսկովն առաջին հերթին պետք է իր պետության վարած քաղաքականության մեջ փնտրի դրա պատճառները։
Նրան կարելի է հիշեցնել, որ Ռուսաստանն ինքն է խախտել պայմանավորվածությունները և չի կատարել իր պարտավորությունները, ինչից հետո միայն Հայաստանը փորձել է այլ տարբերակներ գտնել։ Նորմալ է, որ հարաբերությունները չեն կարող նախկինի նման լինել»,- ասաց Ռոբերտ Ղևոնդյանը։
Անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն հայտարարությանը, որ երկրում միայն դատական մարմինները կարող են իրավական բնույթի այս կամ այն որոշում կայացնել, և վարչապետն իրավասու չէ որոշել՝ ում կալանավորել, ում ՝ ոչ, քաղաքագետը նկատեց՝ Դմիտրի Պեսկովի համար հավանաբար բարդ է հասկանալ, որ պետության ղեկավարը կարող է ամեն ինչ չորոշել։
«Որովհետև իրենց պետության մեջ կա մեկ մարդ, և այդ մեկ մարդը հասանելիություն ունի բոլոր ոլորտներին՝ դատական համակարգից մինչև մարդկանց անձնական կյանք։ Ավտոկրատիայի դեպքում դա նորմալ է, իսկ ժողովրդավարական պետություններույմ այդպես չէ։
ՀՀ վարչապետն իսկապես ճիշտ է, երբ նշում է, որ չի կարող որոշում կայացնել՝ ում կալանավորեն, ում՝ ոչ։ Եթե ռուսները ցանկանում են ևս մեկ անգամ հավաստիանալ, որ խնդիրներ չեն լինի, պետք է հայտարարությունների կամ ներքին զանգերի մակարդակով դիմեն ոչ թե ՀՀ կառավարությանը, այլ ոլորտի պատասխանատուներին»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը չի որոշում է ՄՔԴ-ի պատժամիջոցներով ՌԴ նախագահի հնարավոր ձերբակալման հարցը։
«Իհարկե, այստեղ շատ կարևոր է որոշակի հավաստիացումներ ստանալ մեր հայ գործընկերներից։ Այդ հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխոսության շրջանակներում, ինչին էլ մենք տրամադրված ենք»,- նշել է Պեսկովը։
Հստակեցնող հարցին, թե ինչպե՞ս կզարգանա իրավիճակը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալու՝ ՄՔԴ իրավասության ճանաչման հետ կապված, և արդյո՞ք դրանից հետո ՌԴ նախագահը կարող է այցելել Հայաստան՝ Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է.
«Մենք արդեն ասել ենք, որ, անշուշտ, նոր իրողությունը, որը կապված է այդ միջազգային ստատուտին Հայաստանի միանալու հետ, չի կարող բացասական ազդեցություն չունենալ մեր երկկողմ հարաբերությունների վրա»: