Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Չեմ կարծում, որ խոսքը գնում է դելիմիտացիայի մասին. խոսքը գնում է ուղղակի Ադրբեջանի պահանջած տարածքների մասին. քաղաքագետ

Սահմանազատման գործընթացը Տավուշի մարզից սկսելու նախաձեռնությունը (իհարկե չեմ կարծում, որ խոսքը դասական դելիմիտացիայի մասին է) գալիս է Ադրբեջանի կողմից։ Դա հստակ երևում է այդ երկրի փոխվարչապետի հայտարարությունից, որտեղ թվարկված են Տավուշի մարզից ակնկալվող տարածքները, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Դավիթ Հարությունովը։

Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ հայտարարել է, որ ՀՀ  ԶՈՒ գլխավոր շտաբն է նպատակահարմար գտել, որ սահմանազատման գործընթացը սկսվի Տավուշից։

Օրեր առաջ, սակայն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն Ազգային ժողովում հայտարարել էր, թե Ադրբեջանն է ցանկացել, որ սահմանազատումը սկսվի Տավուշից, մինչդեռ, փոխվարչապետի գրասենյակից հայտարարել էին՝ սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ որոշում դեռ չկա։

«Բոլոր պրոցեսներն սկսվեցին ադրբեջանական կողմի հայտարարությունից, որ Տավուշի մարզի 4 գյուղեր պետք է անհապաղ փոխանցվեն Բաքվին։ Ելակետը դա էր. դրա համար էլ կարծում եմ, որ այդ պայմաններում հայկական կողմը ամբողջ պրոցեսն իրականացնում է Ադրբեջանի ճնշման տակ։

ՀՀ իշխանությունները միաժամանակ գիտեն, որ տարածքներ հանձնելու երևույթը հասարակության շրջանում դժգոհություններ է առաջացնում։ Այս պայմաններում տեղեկատվական դաշտում իրականացվում է մի քանի հնարք, որոնց նպատակն է թուլացնել լարվածությունը։ Հիշեցնեմ, որ դելիմիտացիան Տավուշից սկսելու մասին առաջինը Նիկոլ Փաշինյանն  է հայտարարել։

Բայց այստեղ որոշակի հակասություն կա, որովհետև, կրկնում եմ, չեմ կարծում, որ խոսքը գնում է դելիմիտացիայի մասին. խոսքը գնում է ուղղակի տարածքների մասին, որոնք Ադրբեջանը պահանջում է, որովհետև հայկական կողմը հայտարարեց, որ դելիմիտացիայի հիմքերը որևէ կերպ համաձայնեցված չեն՝ քարտեզներ, փաստաթղթեր և այլն։ Դելիմիտացիան բավականին երկարատև և մանրակրկիտ աշխատանք է ենթադրում, և հենց ՀՀ փոխվարչապետի գրասենյակից էլ հայտնում են, որ ոչինչ համաձայնեցված չէ»,- նշեց Դավիթ Հարությունովը։

Քաղաքագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հայկական կողմը Տավուշի մարզից սահմանազատում սկսելու վերաբերյալ հակասական տեղեկատվություն է տարածում՝ քողարկելու զիջումների գնալու իր գործելաոճը։

«Նաև պատասխանատվության խնդիր կա. ներկայացվում է, որ այս հարցը ոչ թե քաղաքական ղեկավարությունն է կայացրել, այլ Գլխավոր շտաբը, բայց հասկանալի է, որ ԳՇ-ն ենթարկվում է քաղաքական իշխանությանը»,- ամփոփեց մեր զրուցակիցը։