Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Շատ վտանգավոր քաղաքականություն է վարվում դեպի Արևմուտք, որտեղ Հայաստանին ոչ ոք չի սպասում. Վահագն Մելիքյան

Ժամանակը որևէ ձևով այսօր Հայաստանի Հանրապետության օգտին չի աշխատում, քանի որ զարգացումները բավականին արագ են, պայմանավորվածությունները՝ նույնպես։ Այս ամենն ուղղակիորեն սպառնում է Հայաստան գոյությանը. ես չեմ ասում անվտանգությանը, այլ Հայաստան պետության գոյությանը՝ առանց չափազանցելու։ Այսօր կայացած քննարկման ժամանակ այս մասին ասաց դիվանագետ Վահագն Մելիքյանը։

«Տարածաշրջանում ինտենսիվ են պրոցեսները, շատ ավելի բարդանում է միջազգային իրավիճակը, տարբեր ճամբարներում տեղի են ունենում լուրջ վերադասավորումներ, քաղաքական փոփոխությունների նոր ալիք է բարձրացել Եվրոպայում, առաջիկայում նախատեսվում են ԱՄՆ ընտրություններ, Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ֆոնին ի հայտ են եկել որոշակի նոր զարգացումներ, Ադրբեջանը շարունակաբար դնում է նոր պահանջներ, և Հայաստանը ցավալիորեն ոչինչ չունի առաջարկելու՝ բացի միակողմանի զիջումներից՝ ո՛չ հարևաններին, ո՛չ դաշնակիցներին, ո՛չ տարածաշրջանային խոշոր խաղացողներին»,- ասաց բանախոսը։

Վահագն Մելիքյանն ընդգծեց՝ արագորեն շարունակվում է ՀՀ արտաքին վեկտորի փոփոխության քաղաքականությունը։

«Շատ վտանգավոր քաղաքականություն է վարվում դեպի Արևմուտք, որտեղ Հայաստանին ոչ ոք չի սպասում»,- նշեց նա։