Նիկոլ Փաշինյանը, որպես ՀՀ վարչապետ, այս և նախորդ տարիներին որևէ գրառում չի կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սերինե Մուրադյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ապրիլքսանչորսյան ինչ գրառում է Փաշինյանն այս կամ նախորդ տարիներին կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում կատարել ։
«Որպես ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ է մտել թանգարան, բայց միշտ ժամանակավոր թեմատիկ ցուցադրություն է դիտել։
Մեզ մոտ Ապրիլի 24-ին ընդառաջ՝ միշտ ժամանակավոր ցուցադրություն է բացվում։ Նիկոլ Փաշինյանը, երբ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մտել է թանգարան, հենց այդ ժամանակավոր ցուցադրության սրահում է նյութերի ծանոթացել, սակայն գրառում չի կատարել. ժամանակավոր ցուցադրությունների ժամանակ մատյան չի լինում»,- ասաց Սերինե Մուրադյանը։
Մանրամասնելով՝ մեր զրուցակիցը նշեց՝ Նիկոլ Փաշինյանը, որպես երկրի ղեկավար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում առաջին անգամ եղել է 2019 թվականի ապրիլի 24-ին։ 2020 թվականին, կորոնավիրուսային վարակով պայմանավորված, թանգարան-ինստիտուտը չի աշխատել, հետևաբար որևէ անձի կողմից այցելություն չի եղել։
«2021 թվականի ապրիլի 24-ին, ենթադրում եմ, երկրի առաջին դեմքը թանգարան-ինստիտուտ չի այցելել. այդ օրվա լուսանկարներ, ճիշտն ասած, մեզ մոտ չկան։
2022 թվականի ապրիլի 24-ին Նիկոլ Փաշինյանը եղել է թանգարան-ինստիտուտում, իսկ ահա այս տարի, Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն այցելել է միայն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, թանգարան մուտք չի գործել»,- ասաց Սերինե Մուրադյանը։

Հ. Գ. Հատկանշական է, որ ՀՀ կառավարության թվիթերյան էջում այս տարի առաջին ագամ ապրիլքսանչորսյան պաշտոնական գրառման տեքստում «Հայոց ցեղասպանություն» եզրույթը չի օգտագործվել. փոխարենը Նիկոլ Փաշինյանը կիրառել է լատինատառ «Մեծ եղեռն» եզրույթը։
Սա նշանակում է, որ հայերենին չտիրապետող անձինք մեծ հավանականությամբ չեն հասկանա՝ ինչ է դա նշանակում։