ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կարելի է ավելի շատ ընկալել որպես օգնության ճիչ, միաժամանակ՝ նաև իրատեսական գնահատական, որովհետև այն փաստերը, որ նամակում ներկայացրել է Սերժ Սարգսյանը, լիովին համապատասխանում են իրականությանը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
Նրա խոսքով, սակայն, նմանօրինակ հորդոր-խնդրանքները դժվար թե ազդեն միջազգային խաղացողների հետագա որոշումների և դրանցից բխող գործողությունների վրա։
«Չեմ կարծում, որ նման նամակներն ազդեն պետությունների ղեկավարների դիրքորոշումների և գործելաոճի վրա։
Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի՝ երեք երկրների նախագահներին ուղղված նամակը նաև ներքաղաքական նպատակներ է հետապնդում։ Սա նույնպես հասկանալի և բնական է, որովհետև, եթե ՀՀ երրորդ նախագահն Արցախի ապաշրջափակման համար կարող է ինչ-որ բան անել, ապա կարող է անել միայն տեսական մակարդակով։ Իսկ որևէ քայլ անելուց առաջ, քաղաքական ուժը պետք է իշխանություն ունենա։ Այդ է պատճառը, որ կարծում եմ՝ այս կոչ-նամակը կարող է ունենալ զուտ քարզչական նշանակություն, բայց ոչ՝ առարկայական հետևանքներ, որովհետև միջազգային հանրության ներկայացուցիչներն առաջին հերթին հարաբերվում են տվյալ երկրի իշխանությունների հետ»,- իր տեսակետը հիմնավորեց Արմեն Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին բաց նամակով դիմել էր ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ նախագահներին՝ խնդրելով ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը՝ կանգնեցնելու Արցախում հումանիտար աղետը և ջանքեր ներդնել՝ ստիպելու Ադրբեջանին բացել Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը
«Խնդրում եմ ձեզ, ամեն ինչից առաջ կանգնեցրե՛ք հումանիտար աղետը Արցախում. ես հավատում եմ, որ դուք դա կարող եք անել: Ստիպե՛ք դիկտատորին բացել կյանքի ճանապարհը. հայասպանությունը կենսակերպ դարձրած ֆաշիստը չի՛ կարող մշտապես արհամարհել լրջագույն միջազգային կառույցների և երկրների հստակ ուղերձները: Կանգնեցրե՛ք արհավիրքը, ապահովե՛ք արցախցիների տարրական մարդկային կեցության պայմանները, երաշխավորե՛ք դրանք, այնուհետև անցեք դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերին, խնդրում եմ ձեզ:
Վաղը կարող է ուշ լինել»,- երեք երկրների նախագահներին հասցեագրված նամակում գրել էր Սերժ Սարգսյանը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակ-կոչը ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահներին չի կարող վնաս հասցնել Հայաստանին և Արցախին, սակայն ժամանակն է հասկանալու, որ լոկ կոչերը ոչինչ չեն տալիս։ Մյուս կողմից այս նամակ-հորդորը համենայնդեպս որոշակի գործողություն է, տեղին արված քայլ. այլ հարց է, թե ինչ արդյունքներ այն կարող է ապահովվել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։
«Մենք որևէ կերպ չենք ուզում հասկանալ, որ կոչերը վնաս չեն տալիս, սակայն դրանցից հետո միջազգային դերակատարներից սպասել ռեալ գործողություններ, ուղղակի միամտություն է։ Իսկ ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը միամիտ մարդ է։ Այսինքն՝ այստեղ մենք ավելի շատ գործ ունենք գործողություններիիմիտացիայի հետ։ Նա, լինելով ՀՀ նախկին նախագահ, պետք է ինչ-որ բան անի և անում է։
Իմ ընկեր լրագրողներից մեկը շատ հետաքրքիր բան էր գրել, և ես լիովին կիսում եմ այդ կարծիքը։ Նա հիշել էր, որ Սերժ Սարգսյանը ժամանակին հայտարարել էր՝ ինքը լինելու է Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորը։ Ես կարծում եմ՝ հիմա հենց այսպիսի քայլեր են պետք, ռեալ քայլեր։ Սերժ Սարգսյանը պետք է անձամբ հումանիտար օգնություն հասցնի Արցախ և ամբողջ աշխարհին ցույց տա, թե ինչ է այնտեղ կատարվում։
Այդ գրառման մեկնաբանություններում նույնիսկ գրեցի, որ եթե ՀՀ նախկին կամ ներկա իշխանությունները նման քայլ անեն, ինքս պատրաստ եմ լինելու այդ օդանավում՝ որպես ուղևոր և հումանիտար օգնություն հասցնելու Արցախ։ Չէ՞ որ հիմա մենք լուրջ առիթ ունենք օդանավ ուղարկելու Արցախ. մարդիկ այսօր սովամահ են լինում, հղի կանայք երեխաներ են կորցնում, չեն կարողանում հասնել ծննդաբերության փուլ, որովհետև վիտամինների պակաս ունեն։
Եվ սա 21-րդ դարում է. ոչ թե Սուդանում, Սոմալիում կամ Զիմբաբվեում է, այլ Եվրոպայի մաս համարվող Արցախում»,- ասաց քաղաքագետը։
Վերջում մեր զրուցակիցը կրկին շեշտեց՝ կոչերով հնարավոր չէ օգնել գործին. գործողություններ են պետք Հայաստանի և Արցախի գործող և նախկին բոլոր ղեկավարների կողմից։
«Կարծում եմ՝ կոչ հնչողնող ՀՀ երրորդ նախագահը շատ լավ հասկանում է, որ կոչերով հնարավոր չի լինելու շոշափելի արդյունքների հասնել,- ամփոփեց քաղաքագետը։