«Եկեք կարդանք նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը չեղարկելու որեւէ մտադրություն չի ունեցել եւ չունի «Հայաստան» դաշինքը. 6-րդ կետ՝ «Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ, որն ապահովելու է ԼՂ կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»,- ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթից հետո նրան հակադարձեց քպ-ական պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Իսկ Արթուր Խաչատրյանն ասում էր, թե ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող ճանապարհահատվածից բացի, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի մյուս մասի պատասխանատվությունը Հայաստանն է կրում, ու չի կարելի դրա պատասխանատվություն էլ գցել ռուսների վրա։
Ռուբեն Ռուբինյանը շարունակեց.«Նաեւ ասվում է, որ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը։ Այսինքն, Լաչինի միջանցքը, որը միայն ճանապարհ չէ, 5 կիլոմետրանոց տարածք է, ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության՝ չի գտնվում ոչ ԼՂ Պաշտպանության բանակի վերահսկողության ներքո, ոչ էլ՝ առավել եւս, Հայաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ Այն գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։ Իրենք անմիջականորեն պետք է վերահսկեն այդ միջանցքը։
Ադրբեջանն իր հերթին պարտավորվել է ոչ մի կերպ վտանգի չենթարկել այդտեղով ազատ երթևեկությունը։ Հիմա, պարոն Մինասյան, հարգելի գործընկերներ, համաձա՞յն եք արդյոք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից բխում է, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի հետեւյալ երկու կոմպոնենտների իրագործմամբ. առաջին՝ Ադրբեջանը պիտի դադարի խախտել նոյեմբերի 9-ի 6-րդ կետը, եւ երկրորդ՝ ռուսական խաղաղապահ զորակազմը պետք է վերականգնի իր ուղիղ վերահսկողությունը Լաչինի միջանցքի նկատմամբ։ Եթե համաձայն լինեք, եկեք ասեք՝ այո։ Բայց մի եկեք ասեք՝ իշխանությունն է համար մեկ պատասխանատուն, իշխանությունը պատասխանատվությունը փորձում է գցել այլոց վրա։ Կամ թող Սերժ Սարգսյանը չասի՝ մեզ ցույց տվեք, թե ի՞նչ պիտի անեն խաղաղապահները։ Ասում եմ, թե ինչ պիտի անեն՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում գրված է, թե ի՞նչ պիտի անեն, պիտի վերահսկեն Լաչինի միջանցքը»,- ասաց նա:
Ռուբինյանը հավելեց, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մայրն էլ է 120 հազար արցախցիների հետ շրջափակման մեջ գտնվում։