«Մայր Հայաստան» շարժման որոշմամբ ստեղծվել է համանուն կուսակցություն։
Նորաստեղծ կուսակցության հաղորդագրություն մեջ ասվում է.
«Մայր Հայաստան» շարժումը կարճ ժամանակահատվածում ծանրակշիռ տեղ է զբաղեցրել Հայաստանի քաղաքական դաշտում։ Նորաստեղծ ուժ լինելով հանդերձ՝ «Մայր Հայաստանը» հաջողություններ գրանցեց Երևանի ու Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ու ներկայացված է Հայաստանի 2 խոշոր քաղաքների ավագանիներում։ Շարունակությունը լինելու է Վաղարշապատի ընտրությունները։
Ինչպես համագումարում նշեց «Մայր Հայաստան» կուսակցության ընտրված նախագահ Անդրանիկ Թևանյանը, մեր միակ թիրախը լինելու է Քպ-ական իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Մեր գլխավոր նպատակներից մեկը Քպ-ի իշխանազրկումն է։ Հայաստանում պետք է հաստատվի այնպիսի իշխանություն, որը երկրում կապահովի անվտանգություն ու խաղաղություն։ Առջևում դժվար աշխատանք է սպասվում, որը պսակավելու է հաջողությամբ։
Անդրանիկ համագումարին ընտրվել է «Մայր Հայաստան» կուսակցության Վարչության կազմը։
«Մայր Հայաստան» կուցակցության Վարչության անդամներն են՝ Անդրանիկ Թևանյան, Արեգնազ Մանուկյան, Երվանդ Բոզոյան, Ստեփան Դանիելյան Անի Կարապետյան, Գևորգ Ստեփանյան, Գրիգոր Իսկանդարյան, Դերենիկ Մալխասյան, Հասմիկ Սարգսյան, Հարություն Խաչիկյան, Սամվել Հարոյան։
Կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանն իր ելությում խոսել է «Մայր Հայաստանի» անելիքների մասին.
Վաղվա Հայաստանն ունենալու է անվտանգ, բարեկեցիկ և խաղաղ կյանք: Իսկ դրա համար պետք է ազգային երազանք և այդ երազանքին հասնելու կամք, վճռականություն և կարողություն: Մենք այդ ամենն ունենք:
Մենք ազգային-դեմոկրատական արժեքներ դավանող քաղաքական միավոր ենք:
Մեր գլխավոր նպատակն է ազատվել այս մահաբեր իշխանությունից և լայն համախմբման միջոցով կերտել ՆՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ:
Մենք շատ լավ հասկանում ենք, որ առանձին վերցրած որևէ քաղաքական ուժ չի կարող միայնակ հաղթահարել մեր երկրի առաջ ծառացած խնդիրները: Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք իրական ընդդիմադիր ուժերին համախմբված պայքարել այս իշխանության դեմ:
Դեռ մեծն Չարենց էր ասում. «Ո՛վ հայ ժողովուրդ, քո փրկությունը քո միասնության մեջ է»։ Չարենցի խոսքերը ճշմարտացի են: Առաջին Արցախյան պատերազմում հենց դրա շնորհիվ կարողացանք հաղթանակ տանել: Մեզ հիմա անընդհատ պարտությունների են տանում: Այդ ամենին պետք է վերջ տալ:
«Մայր Հայաստանը» պատրաստ է համախմբողի, մերանի դերակատարում ստանձնել և համագործակցության կամուրջներ ստեղծել բոլոր ազգային ու սոցիալական դիմագիծ ունեցող իրական ընդդիմադիր ուժերի միջև: Միասնաբար մենք կհասնենք հաջողության: Կասկած չունեմ: Պետք չէ վախենալ մեկից, ով ինքն է վախեցած:
Մենք պատասխանատվությունից չենք խուսափում: Ժողովրդի վստահության քվեի պարագայում պատրաստ ենք վերցնել իշխանական մեր բաժին բեռը և կերտել մեր երազանքների Հայաստանը:
Մեր թիվ մեկ գործընկերը հանրությունն է: Իշխանության աղբյուրը ժողովուրդն է: Մենք չենք մնալու կաբինետներում: Ակտիվորեն շփվելու ենք մեր քաղաքացիների հետ: Ինչպես որ մինչև հիմա ենք աշխատել: Առաջարկներ ենք լսելու և առաջարկներ ենք անելու մեր ժողովրդին: Առաջարկելու ենք միանալ: Միանալ ու փոխել:
Մեզ և մեր ժողովրդին ուժ, եռանդ և հաղթանակ եմ մաղթում:
Կոչ եմ անում մեր ժողովրդին, Հայաստանի քաղաքացուն՝
Միացի՛ր, որ փոխենք: