Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ձայների 93,9 տոկոսով նպատակ կա միջազգային հնարությանը ցույց տալու, որ Ալիևի վարած քաղաքականության մասով կա հանրային կոնսոլիդացիա. ադրբեջանագետ

Իհարկե, ոչ ոքի համար անսպասելի չէր, որ Իլհամ Ալիևը նորից կվերընտրվի Ադրբեջանի նախագահի պաշտոնում։ Ավելին, եթե մաթեմատիկական հաշվարկների մեջ 100 տոկոսը բացարձակ արժեք չլիներ, Ալիևը վստահաբար «կհավաքեր» մինչև անգամ 135 տոկոս ձայներ , Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։

«Ինչո՞ւ հենց 93,9 տոկոս քվեներ. նախ, նպատակ կա միջազգային հնարությանը ցույց տալու, որ Իլհամ Ալիևի վարած քաղաքականության մասով կա հանրային կոնսոլիդացիա։ Երկրորդ, 93 և ավելի տոկոսի պարագայում պարզ է լինում, որ հնարավոր պատերազմական գործողությունների դեպքում Ալիևի կողմից կարճ պահանջ կհնչի՝ «Եթե ինձ եք ընտրել, եկեք և մասնակցեք պատերազմական գործողություններին»։ Սա  հասարակության նկատմամբ նաև պահանջատիրական ակտ կլինի»,- ասաց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ արտահերթ նախագահական ընտրություններն Ադրբեջանում անցել են լրջագույն խախտումներով։

Գառնիկ Դավթյանի խոսքով՝ քանի որ առաջիկայում ընտրություններ են սպասվում նաև Ռուսաստանում և ԱՄՆ-ում, Ալիևի՝ վերջիններից առաջ ընկնելը պայմանավորված էր այն բանով, որ տարածաշրջանում կարող են նոր մարտահրավերներ առաջանալ։ Հետևաբար, ըստ մեր զրուցակցի, հարկավոր էր, որպեսզի փոքրիկ բռնապետը ոտքը քաղաքական առումով ամրացներ և հետագա իր գործողություններում ունենար հանրային աջակցություն՝ զուտ թվային տեսանկյունից։

«Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հնարավոր նոր պատերազմին, ապա այդ շեմը բավական բարձր է՝ իհարկե ոչ այն պատճառով, որ Ալիևը հաղթեց արտահերթ ընտրություններում, այլ որ Հայաստանի Հանրապետությունն ունի կապիտուլացված և անողնաշար քաղաքականություն վարող քաղաքական գործիչներ։ Նրանք Ալիևին տարբեր առիթներով հնարավորություն են տալիս լեգիտիմացնել ուժի միջոցով իր պահնաջների իրականացումը՝ մասնավորապես այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» և դեպի Նախիջևան ադրբեջանցիների անխոչընդոտ տեղաշարժման մասով»,- ասաց ադրբեջանագետը։

Գառնիկ Դավթյանը միաժամանակ շեշտեց՝ Հայաստանի հետ նոր պատերազմի հավանականությունն այս տարի չի նվազելու, ընդհակառակը՝ 2024-ը մեզ համար լինելու է մարտահրավերներով լի տարի՝ հատկապես Սյունիքի և Տավուշի մարզերի անվտանգության ապահովման մասով։

«Ինչ վերաբերում է դրսի ուժերի հետ համագործակցությանը, ապա Ալիևը, չնայած լրջագույն խախտումներին, վերընտրվել է որպես Ադրբեջանի նախագահ, և նրա հետ միջազգային  համագործակցությունը շարունակվելու է։ Բնականաբար, կա տնտեսական բարձր շահերի ֆոն՝ առ Ադրբեջան, կա նաև ընկալում, որ ՀՀ իշխանությունը չունի Ադրբեջանի ագրեսիան զսպող քաղաքականություն»,- ամփոփեց ադրբեջանագետը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում երեկ կայացած արտահերթ նախագահական ընտրություններում նախնական տվյալներով ձայների 93,9 տոկոսով հաղթել է երկրի գործող ղեկավար Իլհամ Ալիևը: