Էդգար Ղազարյանը մեծ պատիվ է համարում, որ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները համատեղ նիստում որոշել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել իր թեկնածությունը։
Azg.am-ի թղթակցի հետ զրույցում Ղազայանը հիշեցրեց՝ այս պահի դրությամբ ՔՊ-ի կողմից ՄԻՊ-ի թեկնածուի առաջադրում պաշտոնապես չի եղել, եղել է ընդամենը նրա (գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի՝ խմբ.) հետ հանդիպում։
«Հուսով եմ, որ ՔՊ-ի կողմից առաջադրում չի լինի երկու պատճառով. նախ՝ թեկնածուն ինքը կհրաժարվի, քանի որ նրա թեկնածությունը չի համապատասխանում Սահմանադրության պահանջներին. Սահմանադրությունը պահանջում է, որ ՄԻՊ-ը վայելի հանրային հեղինակություն։ Մանասյանը, որպես իրավաբան-սահմանադրագետ, բոլորից լավ պետք է իմանա, որ ինքն օբյեկտիվորեն չունի հանրային հեղինակություն՝ մի պարզ պատճառով. նա հանրային, իրավապաշտպան գործունեությամբ չի զբաղվել, աշխատել է ՍԴ-ում և ակադեմիական շրջանակներում։
Այնուհետ՝ նա ընդամենը 4 ամիս առաջ է Գլխավոր դատախազությունում պատասխանատու առաքելություն ստանձնել, և կարծում եմ՝ որպես հանրային ծառայող պատասխանատվություն կունենա ՄԻՊ-ի առաքելությունից խուսափելու։
Երկրորդ՝ կարծում եմ՝ Քաղաքացիական պայմանագիրը Մանասյանին չի առաջադրի ՄԻՊ-ի թեկնածու՝ հաշվի առնելով, որ ընդդիմադիր խմբակցություններն արդեն իսկ առաջադրել են։ Այսինքն՝ պատգամավորների թվաքանակով մեծանմասնությունը ՔՊ-ինն է, բայց խմբակցությունների թվաքանակով մեծամասնությունն իմ թեկնածությունն է առաջադրել։ Այս պարագայում, կարծում եմ , իրենք առհասարակ կհրաժարվեն թեկնածու առաջադրելուց և կընտրեն ընդդիմության առաջադրած թեկնածուին»,- ասաց Էդգար Ղազարյանը։
Մեր զրուցակիցը նշեց՝ առաջիկայում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով կներկայացնի ծրագիր՝ նախանշելով իր առաքելության իրականացման գերակայությունները։
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը պաշտոնապես ստացել է մեկ թեկնածուի՝ Էդգար Ղազարյանի առաջադրման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր։
Իսկ Անահիտ Մանասյանի վերաբերյալ քաղաքական հայտարարությունները դեռ իրավական որևէ գործողության չեն վերածվել, և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մինչ այս պահը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովին որևէ թեկնածու չի առաջադրել։