ՀՀ վարկանիշն ավելի ներքև այլևս չի կարող ընկնել. դրա համար արդեն ամեն ինչ արվել է։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանի կողմից Ադրբեջանի դրոշն այրելու գործողությանը։
Ինչ վերաբերում է կատարվածի առնչությամբ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի դիրքորոշմանը (վերջինս ներողություն էր խնդրել միջազգային հանրությունից, որ որպես քաղաքացի և պատգամավոր չի արել իրենից կախված առավելագույնը հայ ազգիմիջից արմատախիլ անելու իր բնորոշմամբ վայրի և մարդակեր ցեղերին հատուկ դրսևորումները)՝ քաղտեխնոլոգն ասաց՝ ավելի ճիշտ կլիներ, եթե իշխանական գործիչը կանխեր իր ղեկավարի՝ ԱԺ նախագահի՝ Երևանի կենտրոնում քաղաքացու վրա թքելու արարքը։
«Հովիկ Աղազարյանը միջազգային հանրությունից թող ամաչեր ու ներողություն խնդրեր, երբ իր ֆրակցիայի գործընկերն ասում էր՝ լեզուդ կկտրեմ, ականջդ կկտրեմ (նկատի ունի ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին, ով օրեր առաջ սպառնալիքներ էր հնչեցրել ՄԻՊ-ի ընդդիմության թեկանծու Էդգար Ղազարյանի հասցեին՝ խմբ.)։ Այդ ժամանակ, ինձ թվում է, ներողությունն ավելի հասկանալի կլիներ»,- ասաց Քոչարյանը։
Քաղտեխնոլոգը շեշտեց՝ Ադրբեջանը թքած ունի նույն այդ միջազգային հանրության որոշումների վրա։
«Հաագայի դատարանը որոշում է կայացնում՝ իրենք թքած ունեն դրա վրա, իրենք ամեն ինչի վրա թքած ունեն»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ երեկ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելու համար դիզայներ Արամ Նիկոլյանին բերման են ենթարկել ոստիկանություն։ Նրա նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավելի ուշ, սակայն, Նիկոլյանը հանցակազմի բացակայության հիմքով ազատ է արձակվել։
Ըստ շրջանառվող լուրերի՝ վարչապետի աշխատակազմից Հ1-ին հրահանգել են աշխատանքից ազատել Արամ Նիկոլյանին։
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը իրենց մասնակցությունը դադարեցրած ադրբեջանցիներն արդեն իսկ լքել են Հայաստանի տարածքը։