Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը բացառում է, որ ՀՀ գործող իշխանություններն Արցախի Հանրապետությունը պահպանելու համատեքստում ինքնակամ գործարկեն «պետություն՝ առանց տարածքի» մոդելը։
«Բնականաբար, նման պայմաններում ՀՀ իշխանությունները կանեն ամեն ինչ, որպեսզի թույլ չտան տարագիր կառավարության գործունեություն, եթե, իհարկե, համապատասխան հրահանգ չստանան Արևմուտքից։
Եթե Արևմուտքը չցանկանա պահպանել տարագիր պետական կառույցները՝ իր ծրագրերն առաջ տանելու համար, ՀՀ իշխանությունները կանեն ամեն ինչ, որպեսզի թույլ չտան տարագիր կառավարության գործունեություն, և պետական բոլոր կառույցներն ուղղակի կլուծարվեն»,- , Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ միայն իշխանությունների փոփոխության պայմաններում հնարավոր կլինի լիարժեքորեն գործարկել «պետություն՝ առանց տարածքի» մոդելը և իրավական ուղիներ փնտրել՝ վերականգնելու ԱՀ լուծարված կառավարությունը։
Որպես վտարանդի կառավարության օրինակ՝ Արմեն Բադալյանը բերեց Հարավային Օսեթիայի և Աբխազիայի օրինակները։
«Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Վրաստանին, որը չի ընդունում վերոնշյալ հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին ՌԴ հայտարարությունը։ Այդ պետություններում ձևավորված Ազգային ժողովը, կառավարությունը և այլն, Վրաստանը պահպանում է Թբիլիսիում, Գորիում և այլն։ Մինչև օրս պահպանվում են 1993 թվականից էլ շուտ ընտրված Աբխազիայի Գերագույն խորհրդի նախագահի և նախագահի աշխատակազմի ինստիտուտները։
Աբխազիայի Գերագույն խորհրդի նախագահն ստիպված է եղել հեռանալ։ Այդ մարդն ազգությամբ վրացի է եղել, բայց այսպես կոչված տարագիր պետական կառույցների ՝ ԱԺ-ի, կառավարության ներկայացուցիչները շարունակում են աշխատել։
Ադրբեջանը ևս մինչև վերջերս պահպանում էր Շուշիի ինչ-որ գործկոմի նախագահի պաշտոնը։ Մինչև այդ անձնավորության մահը նրան ամեն տեղ ներկայացնում էին իբրև ԼՂ տարածաշրջանի ադրբեջանցիների ներկայացուցիչ: Այնպես որ, սա նորմալ, տրամաբանական մոդել է, բայց խնդիրն այն է, որ կրկնում եմ՝ Հայաստանը նման բան չի անելու, որովհետև ՀՀ գործող իշխանություններին Արևմուտքից բերել են կոնկրետ խնդիր լուծելու համար»,- ասաց քաղտեխնոլոգը։
Ըստ Արմեն Բադալյանի՝ ՀՀ գործող ռեժիմը պետք է լուծեր և լուծել է իր առջև դրված կարևորագույն հարցը՝ Արցախի հարցն ամբողջությամբ փակել՝ այն թողնելով Ադրբեջանի կազմում։
Հիշեցնենք, որ Արցախի Հանարապետությունը «պետություն՝ առանց տարածքի» մոդելով պահպանելու առաջարկը հնչեցրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։