Չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ն ուզում է դուրս գալ մեր տարածաշրջանից և Հայաստանից։ Այլ հարց է՝ այդ կառույցն արդյունավե՞տ է աշխատում, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի այն դիտարկմանը, թե ՀԱՊԿ-ը, ցանկանալով, թե չցանկանալով, դուրս է գալիս Հայաստանից։
«Երբ ինչ-որ սպասումներ ես ունենում, ապա հիասթափությունն էլ մեծ է լինում։ Եվ հակառակը՝ եթե պրագմատիկ ես լինում, հիասթափության աստիճանն էլ մեծ չի լինում։
Իսկ ընդհանրապես, չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ն այստեղից հեռանալու պլաններ ունի»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Վիգեն Հակոբյանը հիշեցրեց՝ Երևանում ՀԱՊԿ-ի վերջին գագաթնաժողովի ժամանակ առաջարկ եղավ ռազմաքաղաքական բնույթի օգնություն ցուցաբերելու Հայաստանին, սակայն ՀՀ ղեկավարությունն այդ առաջարկից հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ ՀԱՊԿ-ը տարբեր իրավիճակներում պատշաճ գնահատականներ չի հնչեցնում։
«Բայց եթե երկիրը ուզում է մարտնչել, ապա եթե որևէ մեկը նրան զենք է տալիս, հրաժարվելն ուղղակի անմտություն է. դա նշանակում է, որ այդ իշխանությունը չի ուզում կռվել, վերազինել իր բանակը։
Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլիներ տարանջատել քաղաքական հայտարարություններ ներառող փաստաթուղթը և առարկայական օգնությունը։
Բացի սա՝ չմոռանանք, որ Հայաստանը հրաժարվեց այստեղ կայանալիք ՀԱՊԿ զորավարժություններից։ Իսկ այդ զորավարժությունը կնշանակեր, որ Հայաստան պետք է զորք մտնի, որը, մեծ հարց է, դեռ ինչքան ժամանակ կմնար մեր երկրում։
Եվ ի վերջո, Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ-ում իր քվոտայից։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ ՀԱ՞ՊԿ-ն է այստեղից դուրս գալիս, թե Հայաստանն է ուզում ՀԱՊԿ-ից դուրս գալ, ուղղակի «դուխը» չի հերիքում այդ մասին ուղիղ ասել»,- նշեց քաղտեխնոլոգը։
Վերջում Հակոբյանը հավելեց՝ Նիկոլ Փաշինյանը նոր բան չի ասում, երբ մանիպուլյատիվ և դեմագոգիկ բառախաղով հայտարարում է, որ ոչ թե Հայաստանն է ցանկանում դուրս գալ ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ը՝ Հայաստանից։
«Նման հայտարարոսւթյուններն արդեն ամիսներ են տևում, այսինքն՝ երբ Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, և ՀԱՊԿ-ը չարձագանքեց այնպես, ինչպես իբր ակնկալում էր Փաշինյանը, վերջինս հայտարարեց, որ կարծես ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից։
Նիկոլ Փաշինյանն այս բառախաղով ուզում է ասել, որ ոչ թե մենք ենք դավաճանում կամ խզում պայմանագրային հարաբերությունները, այլ ՀԱԿՊ-ը չի կատարում իր պարտավորությունները՝ ըստ էության իր պասիվությամբ դուրս գալով Հայաստանից»,- ամփոփեց մեր զրուցակիցը։