Azg.am-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
–Պարո՛ն Նահապետյան, երեկ ՀՀ զինված ուժերում միանգամից երկու սպայի մահվան դեպք արձանագրվեց, ընդ որում՝ մի դեպքով սպայի սպանության կասկածանքով ժամկետային զինծառայող է ձերբակալվել։ Ի՞նչ պետք է անի երկրի բարձագույն իշխանությունը բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով նման ողբերգությունները բացառելու համար։
-Բանակում խաղաղ պայմաններում մահերի թիվը լուրջ ցուցիչ է, որը խոսում է Զինված ուժերում կարգուկանոնի, բարոյահոգեբանական վիճակի մասին։
Երկու սպայի մահը ոչ մարտական կորուստ է՝ ընդ որում նույն բանակային կորպուսում։ Սա ինքնին հուշում է, որ իրավիճակին չեն տիրապետում։ Որքան գիտեմ՝ այդ զորամասի հրամանատարը նոր է նշանակվել, և եթե փորձեն կատարվածը նրա վրա ջարդել, կնշանակի՝ մյուսները փորձելու են խուսափել պատասխանատվությունից։
Սա համակարգային երևույթ է։ Այստեղ մեկ զորմասի, մեկ հրամանատարի կամ մեկ ստորաբաժանման խնդիր չէ։ Գլխավոր պատասխանատուներն իրենց տեղում չեն՝ որքան էլ կենացային ճառեր ասեն։ Յուրաքանչյուր մասնագիտություն պետք է հարգել՝ առավել ևս պատերազմի մեջ գտնվող երկրում ուժային կառույցների ղեկավարների մասնագիտությունը։
Որոշումները մեծ հաշվով պաշտպանության նախարարն է կայացնում, նա ի պաշտոնե պատասխանատու է ամեն ինչի համար։ Հիմա, եթե նայենք Սուրեն Պապիկյանի անցած զինվորական ուղին… պետք չէ շատ բան փնտրել. եթե մարդը գիտելիք չունի, եթե նրան մի դեպքի վերաբերյալ մի քանի առաջարկներ են արվում, նա ինչպե՞ս կարող է առավել արդյունավետ որոշում ընդունել, եթե չունի ո՛չ գիտելիք, ո՛չ փորձառություն, ո՛չ էլ ցույց տված արդյունք։
Մեկ օրվա ընթացքում բանակում մահվան երկու դեպք է լինում, ԳՇ պետը նոր է բարհաճում է իր հետույքն աթոռից բարձրացնել և գնալ, տեսնել։ Սպա պատրաստելը մեկ օրում չի լինում։ Այդ գործի վրա որքան ջանք, ժամանակ և ֆինանսական միջոցներ են ծախսվել։
-Պարո՛ն Նահապետյան, Վարդենիսում երկու սպայի մահվան դեպքից հետո ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի անհրաժեշտությունը չի տեսնում։ Ինչո՞ւ մասնագիտական ձախողումներ գրանցած հայաստանյան քաղաքական գործիչներն այդպես էլ չեն հեռանում պաշտոններից։
-Ո՛չ Անդրանիկ Քոչարյանը, ո՛չ Սուրեն Պապիկյանը, ո՛չ էլ անգամ Նիկոլ Փաշինյանն իրավիճակին չեն տիրապետում. երևի մեկ-երկու հոգի երևացող դմեքերից, որոնցից մեկն ԱԽ քարտուղարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը։
Խնդիրը մեր բանակն ամբողջովին փոխելն է՝ մարտավարությունը, ռազմավարությունը, կադրային բազան, զենքը և մնացած բոլոր չափանիշները պետք է բերվեն ՆԱՏՕ-ական բանակի չափանիշներին։ Դրա համար այս հինը պետք է քանդվի։ Նրանք, ովքեր բարձրագույն կրթություն են ստացել ՌԴ-ում, աստիճանաբար դուրս են մղվում ԶՈՒ-երից։ Որպեսզի այստեղ Ռուսաստանին հարվածելու երկրորդ ճակատ բացվի, պետք է, որ Հարավային Կովկասի երեք պետություններն ամբողջովին ՆԱՏՕ-ի վերահսկողության ներքո լինեն։ Այդ նախագիծն իրականացնելու ճանապարհին խանգարող մի գործոն կա՝ ՀՀ զինված ուժերը, որոնք էլ այժմ ակտիվորեն կազմաքանդվում են։
Երբ Արևմուտքն այս մարդկանց՝ նաև Նիկոլ Փաշինյանին բերել է իշխանության, հարյուր տոկոսով իմացել է նրա փառասիրությունը, մեծամտությունը և զրո գիտելիքները։ Կոնկրետ բանակը հիմա կազմաքանդվում է Սուրեն Պապիկյանով և նրա թիկունքը պահող Անդրանիկ Քոչարյանով։ Մենք չենք ուզում Պապիկյանի հրաժարականը, նրա հրաժարականը պետք է Նիկոլ Փաշինյանը որոշի։
Կրկնում եմ՝ խնդիրն այժմ ռուսներին Հայաստանից դուրս դնելը, կովկասյան միացյալ բանակ ստեղծելը և այդ բանակով Ռուսաստանի հարավի ուղղությամբ ճակատ բացելն է։ Սրան խանգարողը Ղարաբաղի հարցն էր՝ լուծեցին, ընդդիմություն կոչվածն էլ ամբողջովին նրանց հսկողության ներքո է։
-Պարո՛ն Նահապետյան, օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի որոշմամբ «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան»-ի տնօրենի պաշտոնակատար նշանակվեց իր իսկ համակուրսեցի Ալեքսանդր Մանուչարյանը։ Վերջինս հայտարարեց, որ իր նշանակման հարցում որոշիչ գործոն է եղել ոչ թե նախարարի ընկերը լինելը, այլ իր կոմպետենտությունը։ Ձեր կարծիքով որքա՞ն կոմպետենտ կարող է լինել պատմության ուսուցիչը վերոնշյալ պաշտոնում։
-Ես միշտ դեմ եմ եղել, որ վարժարանի կուրսանտները սովորեն նման պայմաններում։ Նրանց ուսումնական պրոցեսը պետք է կազմակերպվի զորանոցներում, որտեղ սաները կառնչվեն կոլեկտիվիզմի, հեղինակության հասկացությունների հետ։ Զորանոցում չեն կարող թաքցնել մի բան, որ կարող են երկու-երեք հոգով թաքցնել մեկ սենյակում։
Ինչ վերաբերում է Մանուչարյանին, ապա նույնիսկ էական չէ՝ նա Սուրեն Պապիկյանի կուրսընկերն է, թե ոչ։ Եթե այդ մարդը հայտարարում է, որ նշանակվել է ոչ թե այն բանի համար, որ պաշտպանության նախարարի ընկերն է, այլ որ կոմպետենտ է, ապա ուզում եմ հիշեցնել՝ Նիկոլ Փաշինյանն էլ ասում էր, որ Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա։ Հո ասելով չի։ Ինչո՞վ է Ալեքսանդր Մանուչարյանը կոմպետենտ. կարո՞ղ է կոմպետենտության չափանիշը Սուրեն Պապիկյանի ընկերը լինելն է։
Ես հստակ ասում եմ՝ մի քանի չափանիշ կա՝ զինվորական կրթություն, աշխատանքային փորձառություն և ցույց տված արդյունքներ։ Հիմա, Պապիկյանը և իր կուրսընկերը, չունենալով այս երեք կարևոր գործոնները, ինչպե՞ս կարող են կառավարել իրենց վստահված կառույցները, որոնց մասին գաղափար անգամ չունեն։ Զինվորական բարձր պաշտոններ զբաղեցնելու համար միայն 10 տարի պետք է սովորել, հետո աշխատել և ամենակարևորը՝ արդյունքներ ցույց տալ։