Երբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածում, որ «որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ», պետք է նույն ԱԱԾ-ին հարց ուղղել՝ ո՞վ և ի՞նչ է Ադրբեջանի հետ պայմանավորվել։ Միաժամանակ չպետք է մոռանալ, որ սա բանավոր պայմանավորվածությամբ տարածքներ հանձնելու առաջին դեպքը չէ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«2020 թվականի դեկտեմբերին Փաշինյանը հանձնեց Գորիս-Կապան ճանապարհի մի հատված և հետո հայտարարեց, որ դա եղել է բանավոր ըմբռնմամբ։ Այսինքն՝ Հայաստանում առնվազն մեկ մարդու գիտենք, ով կարող է բանավոր հրահանգով Հայաստանից ինչ-որ տարածքներ հանձնել, և այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց մեր զրուցակիցը։
Կարեն Վրաթանեսյանը միաժամանակ նկատեց՝ երբ ասվում է, որ ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք, հարց է առաջանում՝ որքանով է այս արտահայտությունը կիրառելի։
«Սուվերեն տարածք նշանակում է ինքնիշխան տարածք, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունն այնտեղ իրականացնում է իր իշխանությունը։ Բայց եթե ՀՀ պատկան մարմինները, որոնք պարտավոր են պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը, սակայն նշված տարևածքում իրենց իշխանությունը չեն իրականացնում, այդ ինչպե՞ս եղավ ինքնիշխան տարածք։ Սա շատ աբսուրդ ձևակերպում է, որը հրապարակ նետեցին Նիկոլ Փաշինյանը և իր քարոզչամեքենան։
Եթե քո տարածքում նստած է ադրբեջանցին և չի պատրաստվում հեռանալ, ավելին՝ այդտեղ նրա զորքն է, ադրբեջանցիները կրակում են այդտեղ հայտնված հայի վրա, առևանգում կամ գերի են վերցնում, դա՞ է ինքնիշխանը»,- հարց հնչեցրեց ռազմական փորձագետը։
Հիշեցնենք, որ որ երեկ ադրբեջանցիները, հերթական անգամ խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածոթյունները, Սյունիքի մարզի Տեղ գյուղի վարչական տարածքում առաջ են եկել և հենակետ դրել։ Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը MediaHub-ի հետ զրույցում ասել է, որ ադրբեջանական կողմը հենակետը տեղակայել է իր ցորենի արտում։
Azg.am-ի թղթակիցը փորձեց կապ հաստատել Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանի հետ, սակայն և՛ համայնքապետը, և՛ համայնքապետարանի աշխատակցուհի ներկայացած ոմն տիկին հրաժարվեցին փոխանցել իրենց գործընկերոջ հեռախոսահամարը։ Տեղ համայնքի ղեկավարը պատճառաբանեց, որ ժողովի է, իսկ ահա իր անունն այդպես էլ չհայտնած տիկինը նշեց, որ Զեյնալյանը ապատեղեկատվություն է տարածում. ադրբեջանցիները գյուղի մոտակա արտի տարածքում հենակետ չեն տեղակայել։