Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հայաստանը պետք է ողջունի ԵՄ դիտորդական նոր առաքելության գործուղումը՝ միաժամանակ կառավարելով հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված ռիսկերը. քաղաքագետ

Չեմ կարծում, թե Եվրամիության կողմից Հայաստան ուղարկվելիք դիտորդական նոր առաքելության հետ արժե մեծ հույսեր կապել, սակայն, ամեն դեպքում, առաքելության ներկայությունն ավելի դրական կլինի, քան եթե այն չլիներ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

«Այլ հարց է, որ դիտորդական առաքելությունը տարածվելու է միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա, և իմ պատկերացմամբ՝ որևէ ազդեցություն չի ունենալու Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա։

Կարծում եմ՝ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նոր ագրեսիան կանխելու հարցում կարող է ինչ-որ դրական դերակատարում ունենալ։ Բայց, քանի որ դա հասկանալի պատճառներով էլ ավելի կսրի Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, առաքելության գործուղումը կարող է որոշակի բացասական հետևանքներ ունենալ Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա»,- նկատեց քաղաքագետը։

Արմեն Բաղադասարյանի խոսքով՝ հայկական կողմը պետք է ողջունի ԵՄ քայլը՝ որպես ՀՀ անվտանգության՝թեկուզ փոքր երաշխիք, սակայն հաշվի առնի և փորձի կառավարել հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված ռիսկերը։

«Ռուսաստանը խանդով է վերաբերում այդպիսի հարաբերություններին և Արևմուտքի դերակատարման մեծացմանը մեր տարածաշրջանում և եթե ԵՄ դիտորդական նոր առաքելության գործուղումը դիտարկի որպես Արևմուտքի դերակատարումը մեծացնելու ուղղությամբ Հայաստանի կողմից կատարվող ուղիղ քայլ, բնականաբար իր հերթին կփորձի մեծացնել ճնշումները հայկական կողմի վրա առաջին եհրթին Արցախի ուղղությամբ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան, այս անգամ ոչ թե երկու ամսով, այլ`առնվազն երկու տարով:

Ի տարբերություն անցած հոկտեմբերին ուղարկված քառասուն հոգանոց խմբի, որը տեղակայվել էր հայ-ադրբեջանական սահմանին, այս անգամ եվրոպացի դիտորդները պարեկություն կանեն Հայաստանի ողջ տարածքում: Նախորդ առաքելության նման, այս անգամ էլ նրանք անզեն կլինեն:

Եվրոպական խորհրդի Քաղաքական ու անվտանգության հանձնախմբի եզրակացության մեջ նշված է, որ դիտորդական առաքելության առաջնահերթությունն է նպաստել, որ Հայաստանի սահմանային գոտիներում ու հակամարտությունից տուժած շրջաններում միջադեպերը նվազեն, այդ տարածքներում ապրողների համար վտանգները կրճատվեն, և դրանով իսկ նպաստավոր պայմաններ ստեղծվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար: