Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Կարող էի գնալ, բայց չեմ գնացել, որովհետև այլ գործեր ունեի. ընդդիմադիր պատգամավորը՝ ՄԻՊ թեկնածու առաջադրելու հարցով նիստին չմասնակցելու մասին

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ընդդիմադիր անդամներ Արեգնազ Մանուկյանը և Զեմֆիրա Միրզոևան ՄԻՊ-ի պաշտոնում Էդգար Ղազարյանի առաջադրման քննարկմանը չեն մասնակցում, քանի որ նրանցից առաջինը վատառողջ է, իսկ երկրորդը մեկնել է գործուղման։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Մեկը՝ Զեմֆիրան, ԱԺ-ի կողմից ինչ-որ ծրագրի շրջանակներում Ամերիկայում է՝ Նեբրասկայում, իսկ Արեգնազը, կարծեմ, հիվանդ էր»,- ասաց նա։

Հարցին՝ ինչո՞ւ ընդդիմադիր այլ պատգամավորներ՝թեկուզ հենց ինքը, ներկա չեն նիստին և Էդգար Ղազարյանին չեն աջակցում, մեր զրուցակիցը պատասխանեց՝ կոնկրետ ինքն այլ գործեր ուներ։

«Այսպես ասեմ. կարող էի գնալ, բայց չեմ գնացել, որովհետև այլ գործեր ունեի»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվում է ՄԻՊ թեկնածու առաջադրելու հարցը։

Նիստին մասնակցում է ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից առաջադրված թեկնածու Էդգար Ղազարյանը։ 

Հանձնաժողովի նիստին ընդդիմադիր խմբակցության պատգամավորներից ներկա է միայն հանձաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։