Նիկոլ Փաշինյանը երեկվա իր հայտարարությունը ճիշտ տեղից չի կառուցել, որովհետև մենք թեև մտնում ենք բովանդակության մեջ, բայց չենք հասկանում, թե ինչի համար է այդ հայտարարությունն արվել, հայտարարություն անողի նպատակը որն է կամ ինչ խնդիր է այն փորձում լուծել։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաև չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու:
«Ինձ թվում է՝ այդ հայտարարության հիմնական իմաստը նախադասության վերջում է երևում։ Խաղաղության պայմանագրի ձգձգման հատվածը հայտարարության հիմնական միտքն է։ Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի պահանջները չափազանց շատ և մեծ են, և խաղաղության պայմանագրի հավանական տարբերակում միայն Ադրբեջանի դիրքորոշումն է արտահայտված։
Վարչապետ կոչվածի խոսույթից կարելի է հասկանալ, որ հիմնական նպատակն այն է, որ Ադրբեջանը ճանաչի ՀՀ 29 800 ք/կմ անձեռնմխելիությունը։
Նրա մյուս պահանջները դեմագոգիայի և մանիպուլյացիաների դաշտում են։ Քանի որ խաղաղության պայմանագիրը ձգձգվում է, Փաշինյանը պետք է ինչ-որ թեզեր առաջ քաշի։ Լինելով պրոֆեսիոնալ դեմագոգ և մանիպուլյատոր՝ նա ինչ-որ նոր թեզեր է հրապարակ նետում, որոնք շուրջ խոսակցություններ կծավալվեն։ Այդ թեզերն, իհարկե, աբսուրդ և անհեթեթ են՝ մի շարք պատճառներով»,- նշեց Ստեփան Դանիելյանը։
Վերլուծաբանի խոսքով՝ սպառազինությունների փոխադարձ վերահսկումը Հայաստանի և Ադրբեջանի պարագայում պարզ մանիպուլյացիա է. նման հասկացություն գոյություն է ունեցել միայն ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև՝ որպես բալանսի պահպանում։
«Եթե հավասարազոր ուժեր են, և մրցավազք է տեղի ունենում, սպառազինությունների աճը կանգնեցնելու և խաղաղության հաստատման համար երկու բլոկները սկսում են սպառազինությունների փոխադարձ վերահսկումը։ Սա հասկանալի է։
Հիմա Փաշինյանն ասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բալանսավորեն միմյանց. և սա թույլ կողմն է պահանջում ուժեղ կողմից։ Սա առաջին աբսուրդն է, երկրորդն այն է, որ Ադրբեջանի սպառազինությունների մրցավազքն առաջին հերթին կապված է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի հետ։ Ադրբեջանական սպառազինության 70 տոկոսի մատակարարն Իսրայելն է, և այդ մատակարարումները կան՝ Իրանով պայմանավորված։ Այսինքն՝ Ադրբեջանում կյանքը չի սկսվում և ավարտվում Հայաստանի հետ հարաբերություններով։ Նա խնդիր ունի Իրանի հետ։ Ադրբեջանին զինում են՝ այլ երկրի դեմ։
Հիմա, եթե Հայաստանը սպառազինության հավասարակշռության պայմանագիր է կնքում, ապահովվելո՞ւ է Ադրբեջանի անվտանգությունն Իրանից։ Այդ մարդու խոսույթը, կրկնում եմ, աբսուրդ է»,-նշեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է չհարձակման մասին պայմանագրի ստորագրմանը, ըստ Ստեփան Դանիելյանի՝ Փաշինյանն այսկերպ Ադրբեջանից չհարձակման երաշխիք է պահանջում, այն դեպքում, երբ այդ երկիրն ամեն հարմար առիթով հայտարարում է, որ իր և Թուրքիայի նպատակը թյուրքական աշխարհ ստեղծելն է, միմյանց միջև Հայաստանի տարածքով կապ հաստատելը։
«Եթե Ադրբեջանն այս մտքից հրաժարվի, ապա միայն՝ իր կամքով։ Եթե նա Սյունիքը չի գրավում, դա Հայաստանով պայմանավորված չէ, այլ Իրանով։ Եթե նման պայմանագիր կնքվի, Ադրբեջանն այն Իրանի հետ պետք է կնքի, որովհետև Հայաստանն իր համար խոչընդոտ չէ»,- ամփոփեց վերլուծաբանը՝ կրկին շեշտելով, որ Փաշինյանն էժան մանիպուլյացիաներով փորձում է հիմնավորել խաղաղության պայմանագրի հետաձգումը, որն իրականում ՀՀ պետականության ավարտի սկիզբն է լինելու։