Եթե Հայաստանը ՀԱՊԿ-ին վճարվելիք գումարը չփոխանցի, «կարող են դիտարկել տարբեր սցենարներ». Պանկին

Եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջը չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, ապա կազմակերպության անդամ երկրները «կարող են դիտարկել տարբեր սցենարներ», բայց հավանաբար ոչ մեկին չեն վտարի. «Ռիա Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Մինչև 2026 թ. հունվարի 1-ը կարող է ստեղծվել իրավիճակ, որ երկու տարի չվճարելու դեպքում երկրները կարող են դիտարկել տարբեր սցենարներ», – ասել է Պանկինը :
Միևնույն ժամանակ, ըստ նրա, «հավանաբար ոչ մեկին չեն վռնդի ՀԱՊԿ-ից»։
Նա նշել է, որ արդեն եղել են դեպքեր, երբ այլ երկրներ տեխնիկական, ֆինանսական և այլ պատճառներով պարտքեր են ունեցել։
2024 թվականի փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ- ին ։ Փաշինյանը նաև հայտարարեց, որ Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ գնալով դժվարանում է, եթե ոչ անհնարին է դառնում, նրա խոսքերով՝ «անվերադարձի կետն» անցել է։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ արևմուտքը դրդել է Հայաստանի իշխանություններին սառեցնել իրենց մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Ինչպես նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը , Փաշինյանի խոսքերն այն մասին, թե իբր ՀԱՊԿ-ը «դժվարության մեջ լքել է Հայաստանին», չեն համապատասխանում իրականությանը։
