Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Արայիկ Հարությունյանը, սուրճի բաժակը ձեռքին, պետք է գնա-կանգնի Լաչինի փակ միջանցքում և պաշտպանի Արցախի շահերը. քաղաքագետ

Արցախի նախագահ կոչեցյալը, 44-օրյա պատերազմից հայտնի լուսանկարի սուրճի բաժակը ձեռքին, այսօր պետք է գնա-կանգնի ադրբեջանցի ահաբեկիչ «բնապահպանների» կողքին և պաշտպանի Արցախի շահերը։ Արցախի ամբողջ կառավարությունը պետք է այժմ Լաչինի փակված միջանցքում լինի, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

«Ինձ շատ է հետաքրրքում՝ Արցախի իշխանությունն ո՞վ է և իրենից ինչ է ներկայացնում։ Եթե իրականությանը համապատասխանում են այն տեղեկությունները, որ ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարն արցախցի պատգամավորներին ուղղակիորեն թույլ չի տվել մոտենալ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակ հատվածին, ապա հարց է առաջանում՝ ինչի՞ համար են նրանք այնտեղ ընդհանրապես։

Եթե Արցախում բոլոր հարցերը լուծվում են Ադրբեջանի իշխանությունների և ռուս խաղաղապահների հրամանատարության միջև, ի՞նչ են այդ դեպքում իրենցից ներկայացնում կապիտուլյանտ Արայիկ Հարությունյանը և իր կառավարությունը և պատգամավորները։

Մյուս կողմից, արցախցիները պետք է երեկ ու այսօր ողողեին Ստեփանակերտի փողոցները, բայց որտե՞ղ են Արցախի հայտնի գեներալները, նախկին նախագահները, որոնք իրենց միշտ ներկայացրել են որպես հաղթանակած ղեկավարներ։ Հասկացանք, որ նրանք 90-ականներին հաղթանակ են կերտել, բայց հիմա ո՞ւմ հետևում են թաքնվում» ,- հարց հնչեցրեց քաղաքագետը։

Գագիկ Համբարյանի խոսքով՝ իր համար տարակուսելի է, թե ինչպես է արցախահայությունը մինչ օրս հանդուրժում նախագահ Արայիկ Հարությունյանին։

«Արցախահայությունը պետք է ոտքի կանգնի, քանի որ, կրկնում եմ, Արցախի իշխանություն գոյություն չունի։ Հետևաբար, արայիկ հարությունյանների՝ միջազգային հանրությաննն ուղղված նամակները, կոչերը, ամպագորգոռ զառանցանքները ոչինչ են։

Հայ ազգը պետք է վերջապես հասկանա, որ միջազգային հանրության համար մենք ոչինչ ենք և նրանց ընդհանրապես չենք հետաքրքրում։ Հայտնի ճշմարտություն է՝ ուժն է ծնում իրավունք, և պետք է հասկանալ, որ սրա-նրա փեշից կախվելն ապարդյուն է։ Վերջապես պետք է սթափվել, և եթե ի վիճակի չենք պետականություն ունենալ, ընդունել դա»,- ամփոփեց Գագիկ Համբարյանը։

Հիշեցնենք, որ 24 ժամից ավելի է՝ ադրբեջանցիները փակ են պահում Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղինը։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է երեկ առավոտվանից։