Սպասում եմ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հայաստան-Ադրբեջան կարգավորման բանակցությունների շարունակմանը Քիշնևում. իր թվիթերյան էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Կարևոր է միմյանց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը վերահաստատելու և սահմանների դելիմիտացիայի ուղղությամբ առաջընթացի համար, ինչպես նաև սահմանամերձ տարածքներում ռիսկերը նվազեցնելու համար: Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը նրանց իրավունքների և անվտանգության վերաբերյալ այժմ առանցքային է: Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո վերքերի ապաքինումը ժամանակ է պահանջում: Համարձակ որոշումներ են պետք»,- նշել է նա:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 31-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը։
Նախատեսվում է նաև հնգակողմ հանդիպում անցկացնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում: