Ամեն ինչ շատ պարզ և ակնհայտ է. որևէ գաղտնիք չկա, որ ՀՀ կառավարությունն արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն է իրականացնում։ Հաշվի առնելով, որ աշխարհում տեղի է ունենում թեժ բևեռացում՝ ի դեմս Երկրագնդի տարբեր կետերում ընթացող պատերազմական գործողությունների, ՀՀ արտաքին վեկտորի փոփոխությունը պատերազմական կողմերի միջև ընտրություն կատարել է նշանակում։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ ԵՄ դիտորդների առաքելության ընդլայնումն ու մանդատի ուժեղացումը ՀՀ օրակարգում են։
«Եթե հաշվի առնենք, որ ԵՄ դիտորդներն, ըստ ընդունված կարծիքի, նախկին զինվորականներ և հետախույզներ են, ապա սա ապագայում ռազմաբազայի ստեղծման նախնական քայլ է, նախնական զոնդաժ։
Խոսքն արդեն գնում է պաշտոնյաների մակարդակով Հայաստանում ռուսական ռազմաբազայի անիմաստությունն ընդգծելու մասին՝ հաշվի առնելով, որ ՀՀ սահմանների նկատմամբ ագրեսիա է կատարվում, մինչդեռ ո՛չ ռուսական ռազմաբազան, ո՛չ ՀԱՊԿ-ը որևէ քայլ չեն ձեռնարկում։
Սակայն այս ամենում մի շատ հետաքրքիր բան կա. երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի», հարց է առաջանում. այսինքն՝ եթե դու մոտենաս ԵՄ-ին, և ինչ-որ պահի նա ասի, որ ավելին թույլ չի տալիս, ո՞րն է այդ ժամանակ լուծումը լինելու։ Ստացվում է՝ գնում ես մի տեղ, որտեղ քեզ պետք է որոշեն՝ ինչ են քեզ թույլ տալիս, ինչ՝ ոչ»,- ասաց Ստեփան Դանիելյանը։
Նրա խոսքով՝ այս ամենը պատերազմի, Արցախի կորստի և ՀՀ տարածքների օկուպացմանը հանգեցրած ՀՀ արտաքին քաղաքականության շարունակությունն է։
Ինչ վերաբերում է ՀՀ արտաքին վեկտորի փոփոխության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանը՝ վերլուծաբանն ընդգծեց՝ այդ երկիրը, ի հաշիվ Հայաստանի, Հարավային Կովկասում արդեն իսկ շատ բան է զիջել Թուրքիային։
«Այստեղ, բնականաբար, կան ՀՀ իշխանությունների սխալները, իսկ գուցե նաև՝ նպատակադրված սխալները, բայց մյուս կողմից գիտենք, որ գործող վարչապետի իշխանափոխություն թույլ չտալու գործում մեծ դեր է կատարել Ռուսաստանը։ Այստեղ բավական շատ հարցեր են առաջանում։
Ամեն դեպքում, Ռուսաստանը բավական թուլացած է, և նույնիսկ արդեն հարց է՝ Կովկասում Թուրքիայից հետո ո՞վ է հաջորդ ամենաազդեցիկ դերակատարը՝ Ռուսաստանը, թե Իրանը»,-ամփոփեց մեր զրուցակիցը։