Ինձ մոտ երբեք չի եղել հայտարարություններից բխող համոզում, որ մենք իսկապես ժողովրդավարության բաստիոն ենք։ Հայաստանն այս իմաստով շարունակում է լինել հիբրիդային ժողովրդավարական երկիր, որտեղ ձևի և որոշակիոերն բովանդակության առումով անկասկած ժողովրդավարական բավական կարևոր տարրեր կան, բայց ինստիտուցիոնալ առումով, ցավոք սրտի, ժողովրդավարության համար կարևորագույն հիմքերը բացակայում են։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով ՔՊ-ականների կողմից Ալավերդիի համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու և լարված մթնոլորտում յուրային Դավիթ Ղումաշյանին նոր համայնքապետ ընտրելու գործընթացին։
«Առնվազն ինձ մոտ հակասական զգացողություններ չկան, որովհետև ես չեմ կողմնորոշվում Հայաստանի՝ ժողովրդավարության բաստիոն կամ կղզյակ լինելու վերաբերյալ հայտարարություններով։ Ինձ համար կողմնորոշիչը հայաստանյան իրողություններն են, իսկ այդ տեսանկյունից Հայաստանում բացակայում է ժողովրդավարության համար կարևորագույն ինստիտուտներից մեկը, և դա սեփականության իրավունքի հանդեպ հանրային համերաշխությունն է՝ անկախ այդ սեփականության չափից և ձևից։ Մենք սա չունենք, և այս պայմաններում խեղվում է ամբողջ համակարգը, որը թույլ չի տա ժողովրդավարական ճանապարհով իշխանություն ձևավորել և առավել ևս պահել»,-նշեց մեր զրուցակիցը։
Ըստ այդմ՝ ցանկացած իշխանություն գնալու է ամբողջական վերահսկողություն սահմանելու ճանապարհով, և այդ տեսանկյունից, Հակոբ Բադալյանի խոսքով, ՀՀ գործող իշխանությունը ևս բացառություն չէ։
«Մենք տեսնում ենք, որ Ալավերդին էլ այդ ամբողջական վերահսկողության ձգտման տրամաբանության շրջանակներում է, որովհետև կասկածից վեր է, որ պրոցեսները տեղի են ունենում նաև որոշակիորեն տնտեսական դաշտում։
Իհարկե, կոպիտ տնտեսական վերաբաշխումներ չկան, սակայն տեսնում ենք բավական թավշյա գործընթացներ նաև տնտեսական դաշտում վերահսկողության մեխանիզմն ուժեղացնելու ուղղությամբ։
Իհարկե չգիտեմ՝ շղթա է, թե ոչ, բայց որ Վանաձորի և Թալինի դեպքերը նույն տրամաբանության մեջ են, ինչ Ալավերդիում այսօր տեղի ունեցած իրադարձությունները, կասկած չունեմ»,- նկատեց քաղաքական մեկնաբանը։
Նա միաժամանակ համոզմունք հայտնեց, որ ՀՀ գործող վարչակազմն այսօր ունի իշխանության պահպանման և անհրաժեշտության դեպքում վերարտադրման որոշակի անկյունաքարեր ձևավորելու խնդիր, հատկապես, որ պատերազմից հետո ակնհայտորեն առկա է հանրային, սոցիալական հենարանի խնդիրը։
«Ունենալով լեգիտիմության՝ էապես նվազած աստիճան՝ իշխանությունը փորձում է այս մեխանիզմներով «փոխհատուցել» այդ կորուստները և ամրացնել իր կարողությունները՝ հնարավոր քաղաքական գործընթացներին ընդառաջ։ ՏԻՄ համակարգը ցանկացած համապետական պրոցեսի կարևորագույն հենարանն է, և այս իմաստով ՀՀ ցանկացած իշխանություն առաջնային ուշադրություն ձևավորելու է այդ համակարգի հանդեպ վերահսկողության աստիճանը բարձր պահելու համար»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ այսօր Ալավերդի համայնքի ավագանին լարված իրավիճակում կարողացավ անվստահություն հայտնել համայնքապետ Արկադի Թամազյանին: Նոր համայնքապետ ընտրվեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը:
Արկադի Թամազյանը հայտարարել էր, որ նիստը սկսել են օրենքի խախտումով, և իրենք պատրաստվում են գործընթացը վիճարկել դատարանում։ Նշենք, որ Դավիթ Ղումաշյանը Շնողի նախկին համայնքապետն էր։