Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը գտնում է, որ խորհրդարանական ընդդիմությունը ճիշտ է վարվել՝ բոյկոտելով 44–օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստը և չցանկանալով ներկա գտնվել ոչ պրոֆեսիոնալ դերասանների մասնակցությամբ բեմականացված շոուին։
«Ընդդիմությունը հավաբանար ցանկացել է ներկա գտնվել պրոֆեսիոնալ դերասանների թատերական ներկայացմանը և ոչ թե քաղաքական բալագանի մասնակիցը լինել, որովհետև, եթե թատրոն ես դիտում, ցանկալի է, որ այնտեղ պրոֆեսիոնալ դերասաններ լինեն։ Դա գոնե հետաքրքիր է և ժամանակի վատնում չէ։ Ենթադրում եմ, որ ընդդիմությունն առաջնորդվել է այդ սկզբունքով»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս ասաց քաղտեխնոլոգը։
Արմեն Բադալյանը միաժամանակ շեշտեց՝ ընդդիմադիր որևէ պատգամավոր ի զորու չէր լինի փոփոխելու քննիչ հանձնաժողովում իշխանականների՝ նախապես գծած սցենարը։
«Դու չես կարող ուրիշի խաղի մեջ քո կանոնները մտցնել՝ մանավանդ, որ բոլորն այնտեղ խաղում են նախապես գրված սցենարով։
Նույնիսկ ընդդիմադիր պատգամավորների ներկայության պարագայում ոչ պրոֆեսիոնալ դերասանը կարող էր շատ հանգիստ իր ուզած պատասխանները տալ, և նրա հեռուստալսարանը կընդուներ իր առաջնորդի, ոչ թե ընդդիմության ներկայացուցիչների ասածները։
Սա ժողովրդավարական դիսկուրս չէ, սա քննարկում չէ՝ ճշմարտությունը պարզելու համար. սա PR ակցիա է, որի նպատակն ի սկզբանե հայտնի է՝ մեղավոր են բոլորը, բացի գլխավոր ելույթ ունեցողից»,- ասաց քաղտեխնոլոգը։
Արմեն Բադալյանը միաժամանակ համոզմունք հայտնեց՝ քննիչ հանձնաժողովում հնչած բոլոր հարցերը և պատասխանները նախապես գրված և մշակված էին։
«Առաջնորդին նախօրոք գրված հարցեր տալու տեխնոլոգիան գալիս է դեռ 70-ական թվականներից, երբ կթվորուհիները կամ բանվորները կանգնում, նախապես գրված հարցեր էին տալիս սիրելի առաջնորդին, նա էլ տալիս էր նախապես գրված պատասխանները։ Այս մեխանիզմը բավական հայտնի է»,- ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր հարցաքննվում է 44–օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում. ընդդիմությունը բոյկոտել է նիստը։






