Ֆրանսիայի Ազգային ասամբլեայի ընդունած բանաձևը կարող է Ադրբեջանին դրդել արագ-ագրեսիվ գործողությունների. քաղաքագետ

42

Ֆրանսիայի Ազգային ասամբլեայի՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ երեկվա բանաձևը կարող է երկակի ազդեցություն ունենալ. նմանօրինակ փաստաթղթերը մի կողմից որոշակի զսպող միջավայր են ստեղծում Ադրբեջանի ցեղասպան-հայատյաց քաղաքականության համար, բայց մյուս կողմից կարող են Ադրբեջանին դրդել արագ-ագրեսիվ գործողությունների։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։
«Այստեղ, իհարկե, ոչ ոք չի կարող հասկանալ՝ ինչպես կարող են այդ երկու իրարանմերժ տարբերակները համակցվել»,- ասաց նա։
Հարցին՝ որքա՞ն առարկայական է այս պահին Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը, Ալեքսանդր Քանանյանը պատասխանեց՝ նման հավանականությունը միշտ բավական մեծ է։
«Սեպտեմբերի 11-ն ասվածի շատ վառ ապացույցն է։ Այդ օրն սկսված ադրբեջանական նոր պատերազմական հարձակումն, ինչպես 2016 թվականի քառօրյա պատերազմն, ուներ հետախուզական բնույթ։ Այժմ էլ պետք է հետախուզվեին հայկական բանակի ներկա կարոողությունները և արտաքին արձագանքը։
Այս անգամ Ադրբեջանն ստացավ որոշակիորեն բացասական ազդակներ, քանի որ հայկական բանակի ստորաբաժանումները ցուցաբերեցին բավական լուրջ դիմադրություն, չփախան, այնինչ Ադրբեջանը նման հույսեր էր փայփայում։ Մյուս կողմից, իհարկե, շատ կարևոր էր միջազգային արձագանքը՝ ի դեմս հատկապես ԱՄՆ վարչակազմի, որը մի շարք հեռախոսազանգերով կարողացավ Ադրբեջանին ստիպել դադարեցնել Հայաստանի դեմ ագրեսաիայի այս փուլը։
Այս ամենը վկայեց, որ որոշ երկրներ բավական լուրջ են տրամադրված Հայաստանը գոնե իր ԽՍՀՄ սահմաններում փրկելու, իսկ արցախահայությանն Արցախում մի կերպ պահպանելու ուղղությամբ»,- ասաց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը երեկ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձև է ընդունել։
Այն կոչ է անում բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակում և վերադարձ հայրենիք;
Առաջարկում է կառավարությանը դիտարկել անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում, ինչպես նաև շարունակել միջնորդական ջանքերի գործադրումը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության խնդրի լուծման նպատակով
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխան հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ֆրանսիայի Ազգային ասամբլեայի բանաձևը «լի է Ադրբեջանի դեմ կեղծիքով և զրպարտությամբ»։
«Բանաձևն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ջանքերին վնաս հասցնելուն։ Այս բանաձևը, որը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, մեկ անգամ ևս ցայտուն ցույց է տալիս Ֆրանսիայի կանխակալ քաղաքական դիրքորոշումը, որը դրանով իսկ չի կարող չեզոք և արդար միջնորդ լինել»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանությունում։