Օտարերկրյա ԶԼՄ-ներին հարցազրույցներ տալով՝ Ռուբեն Վարդանյանը փաստացի դարձել է Արցախի տեսակետը բարձրաձայնող թիվ մեկ պաշտոնյան. քաղտեխնոլոգ

39

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ BBC HARDtalk-ին տված հարցազրույցն իսկապես բացառիկ է։ Բացառիկ են նաև France 24-ին, եվրոպական և ամերիկայն հեղինակավոր այլ ԶԼՄ-ներին տված նրա հարցազրույցները, քանի որ մինչ այժմ ԱՀ պետնախարարներից որևէ մեկին նման հնարավորություն չի ընձեռնվել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

«Նկատելի է, որ Ռուբեն Վարդանյանի հարցազրույցները դառնում են օրինաչափություն, և առավել հետաքրքրականն այն է, որ օտարերկրյա լրատվամիջոցներին հարցազրույցներ տալիս է ոչ թե ԱՀ նախագահը, այլ պետնախարարը։ Հատկանշական է, որ ԱՀ պետնախարարին տրվող հարցերը քաղաքական բնույթ ունեն, և փաստացի նա է դառնում  Արցախի տեսակետը բարձրաձայնող թիվ մեկ պաշտոնյան։ Ռուբեն Վարդանյանը, փաստորեն, երկրի իմիջ ձևավորող և Արցախի դիրքորոշումը որոշակի շրջանակների ներկայացնող անձն է»,- ասաց Արմեն Բադալյանը։

Քաղտեխնոլոգը շեշետեց՝ գործուղվելով Արցախ՝ Ռուբեն Վարդանյանը նպատակ ունի այն դարձնել սուբյեկտ, քանի որ 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունից հետո որևէ մեկն այլևս Լեռնային Ղարաբաղի մասին չէր խոսում։

«Կարելի է ասել՝ Արցախը դուրս էր եկել քաղաքական գործընթացներից, բայց երբ սկսում են հարցազրույցներ վերցնել Ռուբեն Վարդանյանից, նշանակում է, որ Ադրբեջանի՝ ԼՂ չլինելու մասին թեզն իրականությանը չի համապատասխանում։ Ստացվում է, որ Արցախը կամաց-կամաց կրկին դառնում է սուբյեկտ»,- նկատեց մեր զրուցակիցը՝ միաժամանակ չբացառելով, որ Արցախի պետնախարարից հարցազրույցներ վերցնելով՝ արևմտյան ԶԼՄ-ները փորձում են դեպի Արևմուտք կողմնորոշել նրան։

Հիշեցնենք, որ ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում տեղեկացրել էր՝ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC Hard Talk-ին:

«Ոչ զարմանալիորեն, հարցազրույցի մասին առաջինը գրել են ադրբեջանական աղբյուրները: Հարցազրույցը դեռ չի տեղադրվել BBC–ի յութուբյան ալիքում: Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ՝ Վարդանյանը խոսել է բլոկադայի, դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին: Վարդանյանը նշել է, որ Արցախում հայերն ապրում են հազարամյակներով:

Նա նշել է, վերջին 35 տարիներին հայերը համառ պայքար են մղում անկախության ճանաչման համար: Նշել է, որ Արցախը երբեք չի եղել ներկայիս Ադրբեջանի մաս: Արցախը Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն: Նա խոսել է Արցախի ու Ադրբեջանի քաղաքական համակարգերի տարբերությունից և շեշտել, որ եթե Արցախում արդեն չորս ղեկավար է փոխվել, ապա Ադրբեջանում տասնամյակներով նույն ընտանիքն է ղեկավարում երկիրը: Կրկին շեշտել է, որ պատրաստ են բանակցությունների, պատրաստ են ապրել որպես հարևաններ, բայց չեն լինի Ադրբեջանի մաս: Նա նշել է նաև միջազգային հանրությունից եկող օգնության մասին: Հնչել են հարցեր նրա անձի հետ կապված, ինչպես նաև՝ Հայաստանի և Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների մասին:

Հարցազրույցի վերջում Վարդանյանը ասել է, որ անկախ նրանից կզբաղեցնի պաշտոն, թե չէ, ինքը կմնա Արցախում, քանի որ եկել է Արցախ՝ մարդկանց կողքին լինելու և այս փորձությունները միասին հաղթահարելու նպատակով»,- գրել է Տաթևիկ Հայրապետյանը։