Հունվարի 20-ին Շվեյցարիայի Դավոս քաղաքում կմեկնարկի Համաշխարհային տնտեսական 2025թ.-ի տարեկան ֆորումը, որին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը. տեղեկությունը հայտնել է տնտեսական ֆորումի պաշտոնական կայքը։
Ֆորումը կտևի մինչև հունվարի 24-ը, որին մասնակցելու է 130 երկրների շուրջ 3000 ներկայացուցիչ և կառավարությունների 350 ղեկավար: Համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակցիների ցանկում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ֆորումը քաղաքական գործիչներին, բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հարթակ կապահովի աշխարհի առջև ծառացած հիմնական մարտահրավերներին դիմակայելու համար:
Մասնակիցների թվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը, որը միանալու է առցանց՝ մասնակիցների հետ ինտերակտիվ երկխոսության համար, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխվարչապետ Դին Սյուեսյանը, Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեն, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, այլ երկրների ղեկավարներ։
Սիրիայի նոր վարչակազմի ԱԳ նախարար Ասադ Հասան Ալ Շիբանին ևս մասնակիցների ցանկում է։