Ադրբեջանական գերատեսչությունները՝ ղեկավարների մակարդակով, իրենց ելույթներում, որպես կանոն, Հայաստանի մասին խոսելիս օգտագործում են «Հայաստան» եզրույթը։ Ադրբեջանում «Հայաստանի Հանրապետություն» չեն ասում ո՛չ պաշտոնյաները, ո՛չ էլ այդպես նշվում է պաշտոնական հաղորդագրություններում։
Սա ակնհայտ անհարգալից վերաբերմունք է միջազգայնորեն ճանաչված պետության նկատմամբ։ Եվ այս լեզուն ՀՀ իշխանություններ են դրել Ադրբեջանի բերանում, երբ երկրի առաջին դեմքի մակարդակով Ալիևից «կադաստրի թուղթ» էր մուրվում։ Այսինքն՝ մեր թշնամին չի ընդունում Հայաստանի Հանրապետություն եզրույթը։ Եթե ընդունի, որ այն պետական միավոր է, ուրեմն պետք է ընդունի նաև նրա տարածքային ամբողջականությունը, սահմանները, պիտի ընդունի, որ ՀՀ-ն ունի միջազգայնորեն ճանաչված տարածք, պետական խորհրդանիշներ։ Իսկ քանի որ գաղտնիք չէ՝ Ադրբեջանն այսօրվա Հայաստանի տարածքային ամբողջականությունը ներկայիս սահմաններով չի ընդունում, հետևաբար, չի օգտագործում նաև Հայաստանի Հանրապետություն եզրույթը։
Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց հրապարակումներում օգտագործում են Նիկոլ Փաշինյանի այն լուսանկարները, որտեղ նա խեղճացած տեսք ունի։ Կարճ ասած՝ նրան ծաղրելու միտումն ակնհայտ է։ Այսօր ադրբեջանական APA-ն նոր հրապարակում է արել՝ կից ներկայացնելով Փաշինյանի այդպիսի մի լուսանկար։ Իսկ հրապարակումն այն մասին է, որ գուցե Հայաստանում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսվի։ Նշվում է, որ «Միասին» ընդդիմադիր շարժումը մտադիր է այդ հարցով դիմել ՀՀ ԱԺ։
Նիկոլ Փաշինյանը, որ մինչև հիմա Ադրբեջանին անվերապահորեն ձեռք էր տալիս ու ասած չկար՝ «աչքիդ վերևը սև հոնք կա», վերջին օրերին ԵԱՀԿ ԽՎ ամբիոնից մի քանի անգամ «Ադրբեջանի հավերին քշա է ասել», թե՝ Հայաստանն անվանում են «Արևմտյան Ադրբեջան», ինչը զարմացրել ու զայրացրել է Բաքվին։
Մինչև հիմա Փաշինյանին ատամներով պաշտպանող Ադրբեջանը, որը սարսափում էր այն մտքից՝ բա որ Հայաստանում հանկարծ իշխանափոխություն լինի, այսօր արդեն, ինչ է թե Փաշինյանը թթու խոսք է ասել իր հասցեին, արդեն ուրախությամբ շրջանառում է նրա նկատմամբ անվստահություն հայտնելու լուրերը։
Հոդվածին կցում ենք Նիկոլ Փաշինյանի այն լուսանկարը, որն ադրբեջանական մամուլն է օգտագործում։